Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 18.00-ին

Այսօր երեկոյան կայանալիք Ռուսաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը մեր թիմին նախապատրաստել է նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Հիշեցնենք, որ նա բացի գլխավոր մարզչի պաշտոնից զբաղեցնում էր նաև ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Այսօր դաշտում հենց նա է ղեկավարելու հավաքականի խաղը։

Օրեր առաջ նշանակված նոր գլխավոր մարզիչը՝ շվեյցարացի Բեռնար Շալանդը, այս խաղում ներկա կլինի որպես դիտորդ, իսկ արդեն հաջորդ հանդիպումներում հավաքականը կղեկավարի հենց նա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը երեկ կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր, որ մարզչի պաշտոնից հրաժարվելու համար չի փոշմանել։ Ինչ վերաբերում է այսօրվա ընկերական հանդիպմանը, ապա նրա կարծիքով Ռուսաստանի հավաքականը այն թիմը չէ, ինչ երկու տարի առաջ էր, այժմ մրցակիցն ավելի ուժեղ է և թիմային խաղ է ցուցադրում։ Ամեն դեպքում, Մինասյանը նշել է, որ հետաքրքիր խաղ է սպասվում։

Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչը՝ իտալացի Ֆաբիո Կապելլոն, իր հերթին մամլո ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի հետ ընկերական խաղ անցկացնելու պատճառը մրցակցի՝ ուժեղ թիմ ունենալն է։ Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի մի քանի խաղ է դիտել և պարզապես տպավորված է։

Այս ընկերական հանդիպումը երկու հավաքականների համար էլ 2014 թվականի ընթացքում առաջին խաղն է։ Դրան լայն կերպով անդրադառնում են ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես նշելով, որ պետք է զգուշանալ Դորտմունդի Բորուսիայի պատմության ընթացքում երբևէ եղած ամենաթանկ ֆուտբոլիստից՝ Հենրիխ Մխիթարյանից։

«Իզվեստիայի» հետ զրույցում Յուրա Մովսիսյանը ասել է, որ Կրասնոդար եկել են հաղթանակի համար և ամեն ինչ անելու են, որ հաղթեն և դրանով իրենց շնորհակալությունը հայտնեն Վարդան Մինասյանին՝ կատարած աշխատանքի համար։

Ի դեպ Մովսիսյանի նախկին թիմը՝ Կրասնոդարի ֆուտբոլային ակումբը, քաղաքի մեծ էկրաններից մեկի վրա գրել է, որ ողջունում է իր նախկին ֆուտբոլիստին:

Հատուկ այս խաղը դիտելու համար Կրասնոդար է մեկնել Հայաստանի ազգային հավաքականի մոտ 200 երկրպագու։

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18.00-ին։