Շվեդիան դեսպանատուն է բացելու Երևանում

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում, արխիվ

Շվեդիան դեսպանատներ է բացում Երևանում և Բաքվում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ուրախ եմ, որ Շվեդիան դեսպանատուն է բացում Բաքվում և Երևանում: Եվրոպան և ԱՄՆ-ը հավատարիմ են Կովկասի խաղաղությանն ու բարգավաճմանը», - գրել է Ուորլիքը:

«Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ Ղարաբաղի խաղաղության համար, հիմնված՝ ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա», - նշել է ամերիկացի դիվանագետը:

Ջեյմս Ուորլիքը ևս մեկ հետաքրքիր գրառում է կատարել Twitter-ում, տեղեկացնելով, որ հայաստանցի և ադրբեջանցի գործընկերները այս շաբաթ Կոսովոյում են՝ ուսումնասիրելու անցումային շրջանում արդարադատության խնդիրները:

Ամերիկացի դիվանագետը երեկ է ժամանել Ստոկհոլամ: Նա Շվեդիայի կառավարության հետ խորհրդակցություններ է անցկացնում Մինսկի խմբի հարցով: Տեղեկացնելով այս մասին՝ Ուորլիքը, սակայն, չի մանրամասնել խորհրդակցությունների բնույթը:

Հիշեցնենք՝ Շվեդիան Մինսկի խմբի անդամ 11 երկրներից մեկն է:


Տե՛ս նաև այստեղ: