Քաղաքագետները գնահատում են Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը

Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ դնել կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ փորձագետի՝ թեև դրա հավանականությունը մեծ չէ, բայց դա հնարավոր սցենարներից մեկն է։ Գրիգորյանի խոսքով, վերջին գործողություններով Ռուսաստանը ուզում էր ցուցադրել իր ուժը։ Ուկրաինայի նոր ղեկավարությունը արդեն հետևություններ արել է։

«Հեռանկար չունեցող քայլեր են` զորք մտցնելը: Ասենք մտցրեցին Ղրիմ, հետո՞, ինչքա՞ն պահես: Ռուսաստանի վրա դա լուրջ բեռ է նստելու: Ռուսաստանը ակնհայտ է` կմեկուսանա, իր դեմ քայլերը լուրջ են լինելու: Աշխարհը չի ճանաչի Ղրիմի զավթումը», - ասում է Գրիգորյանը:

Քաղաքագետի կարծիքով,Վլադիմիր Պուտինը չէր հաշվարկել, որ իր այս քայլերը կարող են միջազգային նման խիստ արձագանքի արժանանալ, անակնկալ էր հատկապես Չինաստանի բացասական դիրքորոշումը։ Մյուս կողմից, Ռուսաստանը միահամուռ աջակցություն չունի նաև հենց Ղրիմում. այստեղ թաթարները դեմ են Ռուսաստանին միանալուն, կողմ չէ նաև տեղի ռուսական բնակչության մի մասը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, մինչդեռ, Ռուսաստանի գործողություններին Արևմուտքի արձագանքը ուշացած էր և շատ մեղմ, սակայն հստակ է, որ վերջին զարգացումների արդյունքում կարող է տուժել նաև Հայաստանը։

«Որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, Հայաստանը կարող է մեկուսացման ենթարկվել։ Այլ կերպ ասած, եթե Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, ուղղի իր գործողությունները սուվերեն և անկախ պետությունների դեմ, Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ իր դաշնակցության համար մեծ գին վճարել», - մեկնաբանում է նա:

Ի դեպ, քաղաքագետների կարծիքով ստեղծված իրավիճակում Հայաստանը նույնպես անելիքներ ունի։ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով պաշտոնական Երևանը պետք է զգույշ լինի և չներգրավվի այս կոնֆլիկտի մեջ։

Ստեփան Գրիգորյանի խոսքով էլ` մենք պետք է միջնորդի դեր ստանձնենք և բացատրենք ռուսական կողմին, որ Ուկրաինայի հետ պատերազմել պետք չէ։