Օբաման նախազգուշացնում է Պուտինին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ, 25 փետրվարի, 2014թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ հայտարարել է, որ խիստ մտահոգված է Ուկրաինայում Ռուսաստանի զինվորականների գործողություններից և ասել է, որ Ուկրաինայում ռազմական միջամտության համար «Մոսկվան գին է վճարելու»։

«Ռուսաստանը պատմական կապեր ունի Ուկրաինայի հետ»,- ասել է Օբաման, նշելով նաև Սևաստոպոլում ռուսական ռազմական նավատորմի տեղակայման գործոնը, ապա ավելացրել, որ Ուկրաինայի ինքնիշխանության խախտումը կդառնա չափազանց ապակայունացնող հանգամանք։

«Դա կլինի ակնհայտ միջամտություն այն հարցերին, որոնց լուծումը վերապահված է Ուկրաինայի ժողովրդին, և ամբողջ միջազգային համայնքը դա կդատապարտի»,- ասել է Օբաման։

Անդրադառնալով ռուսների կողմից միջամտության դեպքում ԱՄՆ-ի հավանական արձագանքին, Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները և միջազգային համայնքը հասկանալի կդարձնեն, որ Ուկրաինա ցանկացած ներխուժման համար գին կվճարվի։

Արմեն Քոլոյան, Պրահա