Յանուկովիչը տարակուսած է Պուտինի «զուսպ լռությունից»

Դոնի Ռոստով -- Փախուստի մեջ գտնվող Վիկտոր Յանուկովիչը հեռանում է ասուլիսի վայրից, 28-ը փետրվարի, 2014

Դոնի Ռոստովում ավարտվել է փախուստի մեջ գտնվող Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ասուլիսը: Վերջինս հայտարարել է, որ դեռ Ուկրաինայի նախագահն է, քանի որ խորհրդարանում տեղի ունեցածը թատրոն է, ինքը բռնի ուժի պարտադրանքով ընդունված օրենքները չի ստորագրել, և այդ պատճառով դրանք իրավական ուժ չունեն:

Յանուկովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը անպայման պետք է արձագանքի և պարտավոր է գործել, չպետք է անմասն մնա և բոլոր հնարավորություններն օգտագործելով պետք է կանխի Ուկրաինայում տեղի ունեցող ահաբեկչությունն ու քաոսը:

«Իմանալով Վլադիմիր Պուտինի բնավորությունը, ես զարմանում եմ, թե ինչու է նա մինչև հիմա զուսպ լռություն պահպանում»,- հայտարարել է Յանուկովիչը` միևնույն ժամանակ նշելով, որ դեմ է Ռուսաստանի զինված միջամտությանը Ուկրաինայում:

Հարցին՝ արդյոք ճանաչո՞ւմ է Պուտինը իրեն որպես Ուկրաինայի նախագահ, Յանուկովիչը պատասխանել է, որ տեղյակ չէ, քանի որ դեռ չի հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: