Օհանյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը, հանդիպել հայ համայնքի հետ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ISAF առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Բելգիա այցի շրջանակներում փետրվարի 26-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է տեղի Հայ դատի հանձնախմբի կողմից ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության զոհերի կազմակերպված ոգեկոչման արարողությանը, որն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Պաշտպանության նախարարը, Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողի առջև: