«Կոռուպցիան Հայաստանում խաթարում է օրենքի գերակայության հաստատումը»

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Մարդու իրավունքների տարեկան զեկույցի հրապարակման կապակցությամբ, Վաշինգտոն, 27-ը փետրվարի, 2014թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան նոր զեկույցում անդրադարձել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում առկա խնդիրներին:

Այսպես, Հայաստանի մասով Պետդեպարտամենտի զեկույցում ասվում է, որ նախորդ տարի պնդումներ են եղել պետական բոլոր մարմիններում առկա կոռուպցիայի մասին, որը խաթարում է օրենքի գերակայության հաստատումը: Տարեկան զեկույցում նաև ասվում է, որ իշխանությունները շարունակում են կամայականություններ դրսևորել քաղաքացիներին կալանավորելու և ձերբակալելու հարցում, իսկ դատարանները թերանում են օրենքը կիրառել այնպես, որպեսզի արդար դատաքննություն իրականացվի:

Նույն զեկույցում Ադրբեջանի մասով նշվում է, որ այդ երկրում մեծացել է մարդկանց խոսքի ազատության և հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը: Ըստ Պետդեպարտամենտի զեկույցի, սահմանափակվել է նաև քաղաքացիների՝ խաղաղ կերպով կառավարությունը փոխելու իրավունքը, իսկ հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների մի շարք պահանջների:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ զեկույցի, այս երկիրը 2013-ին կամայականորեն է կիրառել օրենքները, որպեսզի հետապնդի, ճնշումներ գործադրի և վարկաբեկի այն անհատներին և կազմակերպությոններին, որոնք քննադատել են գործող իշխանություններին:

Մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Այստեղ անցած տարի ամենակարևոր խնդիրը զանգվածային լրատվամիջոցների վրա գործադրվող ճնշումներն էին, որոնք 2013-ին մեծացել են: Դա ընդգրկում է նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները:


Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնի մանրամասները տե՛ս այստեղ: