Սենատոր ՄըքՔեյնը վիրավորում է ԱՄՆ այցելած Սիրիայի եկեղեցական առաջնորդներին

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Սենատոր Ջոն ՄըքՔեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:

Արիզոնա նահանգից սենատորը խստորեն քննադատում է նախագահ Օբամայի` «ապստամբներին զինելու ռազմավարությունը»՝ կոչ անելով ավելի անմիջական ամերիկյան ռազմական միջամտության Սիրիայում: Թվում է, թե սենատոր ՄըքՔեյնը չի հասկանում, որ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը կհանգեցնի ավելի մեծ մարդկային կորուստների ու ավերածությունների` Սիրիան վերածելով միջազգային ահաբեկչության գլխավոր կենտրոնի: Ավելի քան 30 հազար իսլամական ջիհադիստներ տասնյակ երկրներից կռվում են Սիրիայի կառավարության և միմյանց դեմ՝ ոչ, իհարկե, Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու համար:

Ըստ էության, ԱՄՆ-ի նախագահի նախկին հանրապետական թեկնածուն այնքան է տարվել պատերազմի շեփոր հնչեցնելով, որ, ինչպես հաղորդվում է, շատ անպարկեշտ և անհարգալից պահվածք է դրսևորել Սիրիայի քրիստոնյա բարձրաստիճան առաջնորդների խմբի հետ հանդիպման ժամանակ, զուտ այն պատճառով, որ նրանք կողմնակից չեն բռնի իշխանափոխությանը: Եկեղեցական պատվիրակությունն անցյալ ամիս ժամանել էր Վաշինգտոն, ձգտելով սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման և մոտ երկու միլիոն քրիստոնյաների պաշտպանության, որոնք կազմում են երկրի բնակչության տասը տոկոսը:

Միացյալ Նահանգներ ժամանած եկեղեցական առաջնորդների թվում էին Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Սիրիայի պրեսբիտերական, ավետարանական, սիրիական ուղղափառ և հունական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:

Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների, Պետդեպարտամենտի պաշտոնատարների, ամերիկյան հասարակական կազմակերպությունների, դասախոսների, կրոնական առաջնորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Judicial Watch կազմակերպության ներկայացմամբ՝ Սիրիայի հոգևորականները գոհ էին Վաշինգտոն կատարած իրենց այցից, բացառությամբ ՄըքՔեյնի հետ ունեցած տհաճ հանդիպումից. - «Ամեն գնով ձգտելով զինել Սիրիայի ընդդիմադիր ուժերին, չնայած լուրջ ապացույցներին, որ նրանց ղեկավարում են իսլամիստ ահաբեկիչները, Ջոն ՄըքՔեյնը դրսևորեց Միացյալ Նահանգների սենատորին անվայել պահվածք` վերջերս Կոնգրես այցելած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների հետ հանդիպման ժամանակ.... Արիզոնայի նահանգի հանրապետական սենատոր ՄըքՔեյնն ակնհայտորեն չի ուզում լսել բացասական պատմություններ ապստամբների մասին, որոնց նա աշխատում է զինել: Այսպես, նա թափով դուրս եկավ Սիրիայի հոգևորականների առաջնորդների հետ անցյալ շաբաթ կայացած դռնփակ հանդիպումից.... Ըստ հանդիպմանը ներկա բարձրաստիճան աղբյուրի հաղորդման` ՄըքՔեյնը գոռալով ներխուժեց հանձնաժողովի սենյակ և արագորեն դուրս եկավ: «Նա չափազանց կոպիտ էր», - հայտնեց աղբյուրը Judicial Watch-ին.... Ամոթալի պոռթկումից հետո, ՄըքՔեյնը վերադարձավ սենյակ և կարճ ժամանակով նստեց, սակայն խուսափեց մասնակիցների հայացքներին հանդիպելուց, դրա փոխարեն, անտեսելով նրանց` նայում էր ներքևում դրված կարծես թե պատահականորեն հայտնված փաստաթղթերին»:

Վաշինգտոնում կայացած հանդիպումների ընթացքում Սիրիայի քրիստոնյա առաջնորդները Միացյալ Նահանգների պաշտոնյաներին հայտնել են իրենց երկրում ծավալված զանգվածային մարդկային ողբերգության և քրիստոնեական համայնքների անհուսալի վիճակի մասին. քրիստոնյա եպիսկոպոսների, քահանաների, մայրապետների և անհատ հավատացյալների առևանգումներ, քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներ, եկեղեցիների և սրբավայրերի սրբապղծում և ծայրահեղական զինված իսլամիստների կողմից կրոնական ազատության ոտնահարումներ: Հաշվի առնելով արյունահեղության հրահրումը Սիրիայում, եկեղեցական առաջնորդները խնդրել են Միացյալ Նահանգներին.

- Դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ֆինանսական օժանդակությունը զինված իսլամիստներին.

- Պահանջել ԱՄՆ-ի դաշնակիցներից` Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից, չաջակցել ահաբեկիչներին.

- Խնդրել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները, այդ թվում` ռմբակոծումները և ահաբեկչությունը.

- Հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով, այլ ոչ թե ռազմական ճանապարհով.

- Ապահովել Սիրիայի ժողովրդի անվտանգությունը.

- Պաշտպանել քրիստոնյա փոքրամասնություններին.

- Պահպանել եկեղեցիները և մզկիթները.

- Պահպանել կրոնական, պատմական և մշակութային հուշարձանները.

- Աջակցել մարդասիրական օգնության բաշխմանը Սիրիայում:

Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմնի (ՍՇՕՎՄ) կայքը` www.syriashdab.com, տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, պատերազմը լուրջ վնաս է հասցրել հայկական համայնքին. գործողությունների ընթացքում սպանվել է 64 և վիրավորվել 172 խաղաղ բնակիչ, առևանգվել է 110 մարդ և զոհվել 15 զինծառայող: Բացի այդ, վնասվել են հայկական տարբեր կառույցներ. յոթ առաքելական և երեք կաթոլիկ եկեղեցի, տասներեք դպրոց և տասը համայնքային կենտրոն: Սիրիահայերի 65 հազարանոց համայնքի գրեթե կեսը փախել է Հայաստան, Լիբանան և այլուր:

Սիրիայի ինը գլխավոր հայկական սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպություններից կազմված ՍՇՕՎՄ-ը հաղորդում է, որ մինչև նախորդ տարվա սեպտեմբերի վերջը ստացել է 1.7 միլիոն դոլար արտասահմանյան հայկական կառույցներից: Թեև սա մի փոքր մասն է անհրաժեշտ գումարի, սակայն ՍՇՕՎՄ-ը կարողացել է դրանով սնունդ, ապաստան, անվտանգություն, բժշկական և կրթական աջակցություն ապահովել սիրիահայերին, ներառյալ` 500 հազար դոլար ուսման վարձ` 38 դպրոցներում սովորող 6436 աշակերտների համար:

Լավ կլինի, որ սենատոր ՄըքՔեյնը և Միացյալ Նահանգների այլ արկածախնդիր պաշտոնյաներն անսան ԱՄՆ ժամանած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների իմաստուն խորհրդին: Ավելի մեծ քանակությամբ զենքի առաքումը Սիրիա միայն կսրի պայքարը` հանգեցնելով անվերջ արյունահեղության:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի