Դադարեցված է «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը մի քանի ամիս է, ինչ դադարեցված է:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցումը դադարեցված է դեռ անցած տարվա նոյեմբերից:

556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին: Ըստ Հայաստանի կառավարության, ճանապարհի կառուցումը կարժենա 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը:

«Մենք մոնիտորինգ ենք արել Երևան - Աշտարակ և Երևան - Արարատ կետերը: Ցավում եմ, մենք մտածում էինք, որ մոնիտորինգի կարիք հետո չի լինի, որովհետև այդ կետերը արագ կկառուցվեն, որովհետև այնտեղ նույնիսկ ճանապարհը չէր կառուցվում, պետք է վերակառուցվեր՝ ուղղակի լայնանար: Բայց հիմա արդեն 2014 թվականն է, և երբ գնում ենք շինարարության կետերը, մենք տեսնում ենք, որ այնտեղ 15-20 կմ, ավելին գործ արված չէ։ Կարող ենք ասել, որ ծրագրի իրականացումը ձախողվել է: Նախ երեք տարի ուշացումով սկսեցին շինարարական աշխատանքները, որի պատճառով որպես տուգանք Հայաստանը վճարեց մոտ 300 հազար դոլար: Եվ այժմ էլ տեսնում ենք, որ ամիսներով շինաշխատանքներ չեն ընթանում», - փոխանցեց Ադամյանը՝ հավելելով․ - «Խայտառակ իրավիճակ է: Ես չեմ կարողանում ուղղակի հասկանալ, ե՞րբ պետք է այս խայտառակությունն ուղղակի ավարտվի»:

Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց՝ 2012-ի սեպտեմբերին: Ամիսների ընթացքում չօգտագործված վարկի համար, մեր պետբյուջեից բանկին փոխանցվեց «պարտավորության վճար»: Այն, որ նման վճար արվել է հաստատել էր Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոլը՝ 2012-ի ապրիլին Երևանում կայացած ասուլիսին: Փորձագիտակյան գնահատականի համաձայն, այդ վճարը կազմում է մոտ 300 հազար դոլար:

Հաջորդ սկանդալը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի Արա Հովսեփյանի պաշտոնանկությունն էր: Տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող երկարաշունչ անունով այդ ՊՈԱԿ-ն է Հայաստանի կառավարության կողմից իրականացնում ծրագիրը, և 2013-ի ապրիլին նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով Հովսեփյանը ազատվեց աշխատանքից: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի համար է պաշտոնանկ արվել Արա Հովսեփյանը: Մամուլը գրեց, թե չարաշահումներ են եղել, իսկ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում թերացումներ ի հայտ եկան:

Եվ ահա, այսօր «Հյուսիս-Հարավ» մայրուղին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ ամիսներով ճանապարհը չի կառուցվում:

Այսօր դիմեցինք ճանապարհը կառուցող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության հայաստանյան գրասենյակ, թե ինչո՞ւ է դադարեցվել շինարարությունը: Այնտեղից փոխանցեցին, թե լրատվամիջոցների հետ շփվում են միայն վերը նշված ՊՈԱԿ-ի միջոցով, քանի որ «ընկերությունն այդպիսի որոշում է կայացրել»:

«Շինարարական աշխատանքները դադարեցված են ժամանակավորապես և կվերսկսվեն մարտից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը: - «Հաշվի առնելով, որ ճանապարհի հիմնական աշխատանքները բետոնացման աշխատանքներն են: Հյուսիս - Հարավի Աշտարակից դեպի Երևան և Երևանից դեպի Արտաշատ ընկած հատվածը դա նախ և առաջ ճանապարհի վերակառուցում է, այսինքն օգտագործում ենք առկա ճանապարհը՝ բարձրացնելով կատեգորիան դեպի առաջին, և ծածկը լինելու է բետոնացված: Բետոնացման աշխատանքները տեխնոլոգիայով և մասնագրերով թույլատրվում է անել, եթե կայուն ջերմաստիճանը մեկ սուտկայի լինում է վեց աստիճան պլյուս: Հաշվի առնելով, որ ձմեռային շրջանը սկսվել է դեկտեմբերի 7-ից, շինարարական աշխատանքները դադարեցվել են զուտ տեխնոլոգիական պրոցեսներից ելնելով»:

Սարգսյանը նշեց, որ մայրուղու կառուցումը նախատեսված է ավարտել 2019թ․: