Նոր իշխանությունն արձակել է Յանուկովիչի կալանքի սանկցիա

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առանձնատան մոտ, Մեժգորյե, 22 փետրվարի, 2014թ.

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահի գտնվելու վայրը դեռ անհայտ է։
Ուկրաինայի ներքին գործերի պաշտոնակատար Արսեն Ավակովը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ ստորագրել է Վիկտոր Յանուկովիչի կալանքի սանկցիա։

Գահընկեց արված և մայրաքաղաքից փախուստի դիմած նախկին նախագահը մեղադրվում է «խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանդի մեջ»։

Ավակովի փոխանցմամբ՝ փետրվարի 21-ին Յանուկովիչն ուղղաթիռով Կիևից մեկնել է Խարկով, որտեղ գումարվել է Ռեգիոնների կուսակցության համագումարը, փետրվարի 22-ին, հրաժարվելով մասնակցել համագումարին, երկու մասնավոր օդանավերով մեկնել է Դոնեցկ, սակայն այդ քաղաքի օդակայանի սահմանապահ ծառայությունը դրանց հետագա թռիչքն արգելել է։

Չհաջողված թռիչքի ուղղության մասին պաշտոնական տեղեկություն չկա, բայց ենթադրվում է, որ Յանուկովիչը փորձել է Ռուսաստան մեկնել։

Յանուկովիչը ուղևորվել է Դոնեցկ` պետական առանձնատուն։ Այնտեղից մի քանի ժամ անց իր ավտոշարասյունով մեկնել է Ղրիմ, ընդ որում՝ ոչ թե պետական ամառանոց, այլ մասնավոր առողջարան։

Ապա, տեղեկանալով Օլեկսանդր Տուրչինովին Ուկրաինայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցելու Գերագույն ռադայի որոշման և ներքին գործերի նախարարության ու անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ հատուկ ջոկատ Ղրիմ գործուղելու մասին, Յանուկովիչը մեկնել է Բելբեկ ավանի օդակայան։

Կեսգիշերին, չհասնելով օդակայան, նա հավաքել է իր թիկնապահներին և հարցրել, թե ո՞վ է ցանկանում շարունակել ուղեկցել իրեն։ Մի մասը մերժել է։

Յանուկովիչն այդ մարդկանց հրաժեշտ է տվել, պաշտոնապես հրաժարվել է թիկնապահների պետական ծառայությունից, ինչի մասին դիմում է գրել և ստորագրել, ապա իրեն ուղեկցող փոքրաթիվ խմբով հեռացել է։ Նրա հետագա երթուղին անհայտ է։

«Հաղորդում եմ Ուկրաինայի ժողովրդին` Յանուկովիչը կորել է», - հայտարարել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ավակովը։

Այժմ կան միայն վարկածներ։ Օրինակ, «Բատկիվշինա» կուսակցությունից Գերագույն ռադա ընտրված պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը ենթադրում է, որ Յանուկովիչը և նրա խումբը ապաստանել են Մոսկովյան պատրիարքարանին պատկանող վանքում։

Ուկրաինայում վերջին բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 80 մարդ, մեծ մասը` ընդդիմադիր ցուցարարներ։

Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ավակովի փոխանցմամբ, «խաղաղ մարդկանց զանգվածային սպանդի» մեղադրանքով հետախուզման մեջ է ոչ միայն նախկին նախագահ Յանուկովիչը, այլև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։