Յանուկովիչը դատապարտել է «հեղաշրջման փորձը», նա հրաժարական չի տա

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բնորոշել է որպես «հեղաշրջման փորձ» և հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Շաբաթ օրը ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Յանուկովիչը հայտարարել է, որ ինքը «լեգիտիմ կերպով ընտրված նախագահ» է: Նա հավելել է, որ խորհրդարանի կողմից ընդունված բոլոր որոշումներն անօրինական են:

Նախագահն այս մեկնաբանություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ ցուցարարները Կիևում գրավել են նախագահական նստավայրը:

Ավելի վաղ Ուկրաինայի գերագույն Ռադան քվեարկել էր երկրի նախկին վարչապետ, կալանավորված ընդդիմադիր գործիչ Յուլիա Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու, իսկ վերջինիս մերձավորներից՝ Արսեն Ավակովին ներքին գործերի նախարար նշանակելու, իսկ Տիմոշենկոյի մեկ այլ դաշնակցի՝ Օլեկսանդր Տուրչինովին, խորհրդարանի խոսնակ ընտրելու օգտին: