Երևանում Carrefour կբացվի «մոտ վեց ամսից»

Your browser doesn’t support HTML5

Carrefour-ի ներկայացուցիչը և «Երևան մոլ»-ի տնօրենը վստահեցնում են, որ ֆրանսիական ընկերության մուտքը հայաստանյան շուկա չի խոչընդոտվում։
Վեց ամիս հետո Carrefour ֆրանսիական սուպերմարկետների ցանցը ներկայացված կլինի Հայաստանում, այն կտեղակայվի նորաբաց «Երևան մոլ»-ում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «Քարֆուրի» հայաստանյան ներկայացուցիչ Քրիստիան դը Նալը:

Վերջինիս փոխանցմամբ՝ արդեն երկար ժամանակ է, որ իրենք ծրագրում էին Երևան գալ և առաջիկա 6 ամիսների ընթացքում պատրաստ կլինեն ներկայանալ իրենց ապրանքատեսակներով:

Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք ճ՞իշտ է, որ ընկերությունը որոշակի խնդիրներ է ունեցել հայաստանյան շուկա մուտք գործելու համար, Քրիստիան դը Նալը պատասխանեց՝ բոլորովին ոչ:

«Մենք շատ ուրախ ենք, որ ներկայացված ենք լինելու Հայաստանում՝ ի շահ ողջ հայ ժողովրդի, հայ գնորդների, և դա շատ կարևոր է մեզ համար»,- ասաց Carrefour-ի ներկայացուցիչը։

Քրիստիան դը Նալին հիշեցրինք, որ Carrefour-ը ցանկություն ուներ ներկա լինել մեկ այլ երևանյան տոնավաճառում՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում, ինչո՞ւ այդ դեպքում փոխեց ցանկությունը, դը Նալն ասաց, թե դա շատ երկար պատմություն ունի:

«Եկեք խոսենք ապագայից»,- հորդորեց նա՝ հույս հայտնելով, որ ապագան պայծառ է լինելու.- «Նայեք ձեր շուրջը, ամբողջ Հայաստանը սպասում է Carrefour-ին, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բավարարենք հայ գնորդներին»։

Carrefour-ի հայաստանյան ներկայացուցչի հետ զրուցելու հնարավորություն ունեցանք «Երևան մոլ»-ի բացման արարողությանը, որին ներկա էր նաև երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը: Առևտրի համալիրի սպիտակ ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Երևան մոլ»-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը: Վերջինս պատասխանելով «Ազատության» հարցին՝ նույնպես վստահեցրեց, որ 2014 թվականի երրորդ եռամսյակում արդեն Carrefour-ը կգործի:

Ըստ տնօրենի՝ «Երևան մոլի» ընդհանուր մակերեսը 60 հազար քառակուսի է, որից 10 հազար տրամադրվելու է Carrefour-ի վաճառասրահների, ինչպես նաև ավտոկայանատեղիի և պահեստների համար:

«Այսօրվա դրությամբ ոչ մի խոչընդոտ չկա, շինարարությունը և մյուս աշխատանքները գնում են այնպես, ինչպես պլանավորված է, և մենք բացումը ծրագրում են 2014 թվականի երրորդ եռամսյակում»,- ասաց Սեկոյանը։

Առևտրային համալիրի ճարտարապետը ցույց տվեց այն տարածքը, որտեղ պետք է գործի Carrefour-ը, սակայն այդ տարածքում դեռևս որևէ ցուցանակ չկար, ինչը կփաստեր, որ այնտեղ ներկայացված է լինելու ֆրանսիական հիպերմարկետը:

Ինչ վերաբերում է նորաբաց «Երևան մոլ»-ի սեփականատերերին, ապա ըստ տնօրենի՝ ներդրողները չորս ընկերություններ են, որոնցից 3-ը արտասահմանյան են՝ հիմնականում Արաբական Էմիրություններից, ներդրողներից մեկը հայաստանցի գործարար է՝ Նորայր Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ առևտրային համալիրի վրա ծախսվել է 50 միլիոն դոլար:

Հիշեցնենք, մամուլը գրում էր, որ մայրաքաղաքում կառուցված այս նոր առևտրային համալիրի սեփականատերերից է նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, սակայն ՊԵԿ-ը հերքել է այս տեղեկատվությունը:

«Երևան մոլ»-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը մեզ հետ զրույցում նույնպես հերքեց՝ նշելով, որ սեփականատերերից Նորայր Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հետ որևէ կապ չունի:

«Խաչատրյանը շատ տարածված ազգանուն է, ընդամենը դա է»,- ասաց նա։

«Երևան մոլ»-ի բացմանը մասնակցում էր նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ նորաբաց այդ կենտրոնում «Երևան սիթի» չի լինելու: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Carrefour-ի գործունեությունը չի՞ խանգարելու իր «Երևան սիթի»-ներին, հաշվի առնելով, որ Carrefour-ը հայտնի է ավելի էժան ապրանքատեսականերով, Սամվել Ալեքսանյանն ասաց, թե բիզնեսով չի զբաղվում: Սակայն մեր խոսակցությանը ներկա մի տարեց կին Ալեքսանյանին հիշեցրեց նրա բիզնեսների մասին:

«Մեր մոտի «Սիթին» քոնը չի՞»,- զարմացավ այդ կինը.- «Ես եմ քեզ տեսել, «Ջիփ»-ով էկել, մտել ես։ Լա՛վ էլի, հերիք է սուտ խոսաս, Հիսուսը ասում է՝ սուտ մի խոսա, Ավետարան կարդո՞ւմ ես, պատվիրանները լավ հիշի՛»,- հորդորեց նա։

Ավելի ուշ մեզ հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը անդրադառնալով Carrefour-ի և «Երևան սիթի»-ի հնարավոր մրցակցությանը, փոխանցեց, թե երբ ֆրանսիական սուպերմարկետների ցանցը կբացվի, այն ժամանակ էլ կտեսնենք:

«Carrefour-ը կգա, կերևա»,- ասաց նա։