Լրացավ Հայաստանի նախագահական ընտրությունների մեկ տարին

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները հավաքվել են Ազատության հրապարակում՝ բողոքելով ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքների դեմ, Երևան, 19-ը փետրվարի, 2013թ․

Անցած տարին «Ազատության» հետ զրույցներում գնահատում են «Ժառանգության» և Հանրապետականի ներկայացուցիչները:
Այսօր լրանում է Հայաստանի նախագահի 2013 թվականի ընտրությունների մեկ տարին:

Անցյալ տարի տեղի ունեցած ընտրություններում հիմնական պայքարը ծավալվեց գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Սարգսյանը վերընտրվեց նախագահ, ըստ պաշտոնական արդյունքների՝ ստանալով ընտրողների ձայների շուրջ 58 տոկոսը:

Գնահատելով մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները և նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանի քաղաքականությունը՝ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք հերթական անգամ աննախադեպ կեղծիքներով անցկացվեցին և, ըստ էության, հասարակությունը, ժողովուրդը ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր վստահության քվեն տվեց, բայց հերթական անգամ չունեցավ իր ընտրված նախագահը: Արդյունքում՝ մեկ տարվա ընթացքում այնքան փոփոխություններ եղան երկրում բացասական առումով, որոնք բերեցին երկիրը ծայրահեղ իրավիճակի»:

Մարտիրոսյանը նշեց, որ ավելի մանրամասն նախագահի վարած քաղաքականությանը այսօր կանդրադառնա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր տարեկան ազգային ուղերձում:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի վերընտրվելուց ի վեր առանցքային փոփոխություններ կատարվեցին Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ: Դրանք են, մասնավորապես, Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարելը, գազային պայմանագրերի ստորագրումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխման ուղղված օրենսդրական փոփոխությունները, որոնք, Սահակյանի ձևակերպմամբ, չնայած ուղեկցվում են որոշակի ցնցումներով ու դժգոհություններով, սակայն ապագայում տալու են իրենց դրական արդյունքները:

«Եվ պարզ է, որ այն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, որոնք այդ արդյունքները սպասում էին ավելի շուտ, քան մեկ ամսվա ընթացքում կամ մեկ տարվա ընթացքում, պետք է որոշակի, այսպես ասած, դժգոհության կամ որոշակի, այսպես ասած, չհարմարվելու իրավիճակ ստեղծեին: Մենք պետք է ավելի ակտիվորեն կարողանանք մեր հայրենակիցներին բացատրենք այդ բարեփոխումների արդյունքը, հետագային կամ ապագային միտված դրա դրական միտումները», - նշեց Հանրապետական խմբակցության քարտուղարը:

2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ վեցերորդն էին, նախագահի պաշտոնի համար պայքարում էին 7 թեկնածուներ: