Ռուսաստանն Ուկրաինայի հարցում վերստին քննադատում է Արևմուտքին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, 14 փետրվարի, 2014թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ Արևմուտքին կոչ է անում չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին։

Այսօր Մոսկվայում հանդիպելով Գերմանիայի արտգործնախարար Ֆրանք-Վալտեր Շտայնմայերին, Լավրովն ասել է, որ Ուկրաինայի քաղաքացիներն իրենք պետք է վճռեն իրենց երկրի հարցերը։

«Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք համոզված ենք, որ ուկրաինացիներն իրենք պետք է գտնեն ճգնաժամից դուրս տանող ուղին: Դա կհամապատասխանի Ուկրաինայի ժողովրդի շահերին, և ես հուսով եմ, որ մնացած ուկրաինացի գործընկերները կհետևեն այդ նույն սկզբունքներին», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած տարվա նոյեմբերին անսպասելիորեն սառեցրեց Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը և գործարք կնքեց Մոսկվայի հետ։ Դա հրահրեց առայսօր շարունակվող բողոքի ցույցեր և քաղաքական ճգնաժամ։

Լավրովի համոզմամբ, Ասոցացման պայմանագրի հարցում ճնշումներ բանեցնելով Ուկրաինայի վրա, Եվրոպական միությունը փորձում է «ազդեցության գոտի» ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։

«Ես լիովին համաձայն եմ Ֆրանկ-Վալտերի հետ այն հարցում, որ ազդեցության գոտիներ չպետք է լինեն, սակայն Ուկրաինային քարշ տալը, պնդելը, թե հարկ է ընտրել կա՛մ Եվրամիությունը, կա՛մ Ռուսաստանը, գործնականում արդեն ազդեցության գոտի ստեղծելու փորձ է։ Դա ակնհայտ է, և ոչ մի գեղեցիկ խոսք այդ իրողությունը չի փոխում», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև քննադատել է Ուկրաինայում, մի կողմից նախագահ Վիկտոր Յանուկովիչի, մյուս կողմից՝ Արսենի Յացեդնյուկի ու Վիկտոր Կլինչոյի առաջնորդած արևմտամետ ընդդիմադիր դաշինքի միջև միջնորդելու՝ Եվրամիության դիվանագետների քայլերը։

«Կարծում եմ, ճիշտ և պարկեշտ չէ խոսել ընտրության ազատության մասին և միաժամանակ` առանց հրավերների, ամեն օր բանագնացներ գործուղել Կիև ու փորձել Ուկրաինայի ղեկավարներին համոզել ընտրել այն, ինչ ցանկանում են Եվրամիությունը և Միացյալ Նահանգները», - ասել է Լավրովը։

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այս շաբաթ մեկնել է Կիև, որտեղ երկու կողմերին հորդորել է համաձայնեցնել նախագահի լիազորությունների կրճատում ենթադրող սահմանադրական բարեփոխումները և իշխանություններին կոչ է արել չհալածել ընդդիմադիրներին։

Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերն ընդունել է, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա է որոշակի մրցակցություն, սակայն ասել է, որ Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների համար արդյունավետ չի լինի «Ուկրաինան դիտել իբրև աշխարհաքաղաքական շախմատի պարտիա»։

Շտայնմայերը Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը խաղաղ եղանակով կարգավորելու կոչ է արել։

Լավրովի և Շտայնմայերի բանակցությունների նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարը «Կոմերսանտ»-ում հրապարակել է մի հոդված՝ նշելով, թե «Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններում Ուկրաինայի հարցում հիմա ճշմարտության պահն է»։

Մինչդեռ, Գերմանիայում լույս տեսնող «Բիլդ» հանդեսը հաղորդում է, որ կանցլեր Անգելա Մերքելը գալիըք երկուշաբթի օրը Բեռլինում հանդիպելու է Ուկրաինայի ընդդիմության ղեկավարներ Կլիչկյոյին և Յացենյուկին։