ԼՂ ընդդիմադիր պատգամավոր․ Լցակայաններում գազի գինը «անհասկանալի բարձր» է

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով:

Բադասյանի համոզմամբ՝ գազալցակայաններում վաճառվող գազի գներն «անհասկանալի բարձր են», իսկ իշխանությունները հարցը չեն լուծում, քանի որ «գազալցակայանների սեփականատերերը իշխանություններին մոտ կանգնած անձինք են»:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղը «Գազպրոմ Արմենիա»-ից գազը գնում է նույն գնով, ինչ Հայաստանը, սակայն Արցախում գազը, ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ կրկնակի թանկ է ու անորակ․ - «290 դրամ արժե Ղարաբաղում, Հայաստանում արժե 170-200 դրամ: Նաև որակի հարցում․ եթե նույն ավտոմեքենան Հայաստանի լցակայաններից լցված գազով քշվում է, ասենք, 200 կմ, Արցախի լցակայաններից՝ 150 կմ»:

Բադասյանն այս հարցը տարիներ շարունակ բարձրացրել է թե՛ խորհրդարանի ամբիոնից և թե՛ կառավարությունում: Նրա փոխանցմամբ՝ իրեն պարբերաբար խոստանում էին հարցին լուծում տալ և շտկել իրավիճակը, սակայն ոչ միայն հարցին լուծում չի տրվել, այլև հնչող բացատրություններն էլ սպառիչ չեն եղել:

«Վարչապետն էլ էր խոստացել, որ հարցը կարգավորելու է, հանձնաժողով է ստեղծելու, սակայն մինչև հիմա հարցը տեղից չի շարժվում, և պարզ երևում է, որ ժամանակ են շահում, որպեսզի այդ գերշնորհ կազմակերպությունները շարունակեն գերշահույթ ստանալ ժողովրդի հաշվին: Նույնիսկ իրավունք ունեմ հայտնելու, որ օգտվում են միասին», - ասաց նա:

Լեռնային Ղարաբաղում ներկայումս շուրջ տասը գազալցակայաններ են գործում, որոնց սեփականատերերը երեք հոգի են: Թվով ամենաշատ գազալցակայանները՝ չորսը, պատկանում են Ղարաբաղում հայտնի գործարար, իշխանությունների համակրանքը վայելող Էդվարդ Վերդյանին:

Թեև ընդդիմադիր պատգամավորը վստահ չէ, որ ղարաբաղցիները համարձակություն կգտնեն բացահայտ կերպով միանալ իր նախաձեռնությանը՝ հաշվի առնելով իր ընդդիմադիր հայացքները, այդուհանդերձ վստահեցնում է, որ այս անգամ բացատրություններ ստանալով չի բավարարվի և կհասնի նրան, որպեսզի գազալցակայաններում գազի գինն իջեցվի ու որակը բարելավվի:

«Մենք ուզում ենք ստորագրահավաք կազմակերպել, դիմել Ազգային ժողովին, որպեսզի Ազգային ժողովն ինքը հանձնաժողով ստեղծի, արդեն պիտի պնդեմ՝ առանց կառավարության», - ասաց նա:

Ի դեպ Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը տարեվերջին անդրադառնալով գազային համաձայնագրին և այն հարցին, թե ումից է Ղարաբաղն այսուհետ գազ գնելու, եթե ըստ Հայաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի միջև կնքված պայմանագրի, Հայաստանին արգելվում է երրորդ երկիր գազ մատակարարել՝ վստահեցրել էր, թե Ղարաբաղը գազ է ձեռք բերելու արտոնյալ գներով: