ՀԱԿ-ի երիտասարդների իրազեկման երթը խոչընդոտած անձինք ՀՀԿ-ի անդամներ են

Your browser doesn’t support HTML5

Չորեքշաբթի երեկոյան Մաշտոցի պողոտայում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդների իրազեկման երթը խոչընդոտած անձինք բոլորը իշխող Հանրապետական կուսակցության անդամներ են։ «Ազատության» հետ զրույցում այս փաստը հաստատեցին նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչները։

ՀԱԿ-ի ակտիվիստները բերման ենթարկվելուց առաջ բաժանում էին մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ, որոնց վրա պատկերված էր նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը՝ «պետական դավաճան» գրությամբ։ ՀՀԿ-ական երիտասարդները մոտեցել են նրանց և պահանջել, որ չբաժանեն թռուցիկները, այնուհետև փորձել են խլել դրանք, ինչից հետո երիտասարդների միջև քաշքշուկ է սկսվել։ Արդյունքում 12 անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Հանրապետական երիտասարդներից մեկը Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանն է, ով «Ֆեյսբուքում» տեղադրված նկարներից մեկում մրցանակ է ստանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից։ Ilur.am կայքի տվյալներով՝ քաշքշուկի մյուս մասնակիցներից հանրապետական Հայկ Հովսեփյանը Ագրարային համալսարանի գիտխորհրդի նախագահն է, ինչպես նաև դասախոս, մյուսը Գևորգ Սողոմոնյանն է, ով ժամանակին ղեկավարել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը։

Հանրապետական կուսակցությունում իրենց երիտասարդների արարքից չեն զարմանում. «Ազատության» հետ զրույցում կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը ասաց՝ կզարմանային, եթե երիտասարդները չարձագանքեին։

«Մեր երիտասարդները բավականին զուսպ են եղել և կոչ են արել նման հայտարարություններ և ձևակերպումներ չհնչեցնեն, որովհետև դա վերաբերվում է մեր երկրի ղեկավարին, մեր կուսակցության ղեկավարին։ Պատասխանը եղել է ոչ ադեկվատ»,- ասաց Ավագյանը։

Երեք ժամ ոստիկանությունում պահվելուց հետո, միջադեպի բոլոր մասնակիցներին ազատ են արձակել։

ՀԱԿ-ի ակտիվիստ Արեգ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ իրենց կարծիքով՝ ամեն ինչ կազմակերպված է եղել, իսկ մի քանի երիտասարդներ էլ պնդեցին, որ ՀՀԿ-ականները իրենց հետևել են մինչև մոտենալը։

Կարեն Ավագյանը բացառում է դա, ասաց՝ երիտասարդներն այդտեղ հայտնվել են պատահաբար, իսկ իրենց կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է, այլ ոչ թե հետախուզական։ «Եթե մեր երիտասարդները օրենք են խախտել, ես ինքս կոչ եմ անում, որ իրենք պատասխանատու լինեն օրենքի առաջ»,- ասաց ՀՀԿ-ի երիտասարդական կառույցի ղեկավարը։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՀՀԿ-ական երիտասարդները քաշքշելով փորձում խլել թռուցիկները, մյուս կադրում քաշքշում են ՀԱԿ-ի աղջիկ ակտիվիստներից մեկին։ Կարեն Ավագյանի պնդմամբ՝ տեսանյութերում երևում է, թե ինչ զուսպ են եղել իրենց երիտասարդները, իսկ կադրում երևացող ակտիվիստ աղջիկներից մեկը, ըստ նրա, հարբած է, մյուսն էլ հայհոյանքներ է տալիս։

Երեկ, երբ երիտասարդները դեռ ոստիկանությունում էին, բաժին էին ժամանել նաև Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորները։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում կատարվածը սադրանք որակեց, հավելելով, թե սա ցույց է տալիս, որ իշխանությունը վախենում է մարտի 1-ի հանրահավաքից։

«Ես հասկանում եմ՝ իրենք ինչ են անում։ Բնական է՝ ակտիվ մարդկանց վրա սա ոչ միայն ազդեցություն չի ունենա, այլ ավելի շատ կգրգռի։ Իրենց հաշվարկը այն է, որ ժողովուրդը, որը ինչ-որ չափով հեռու է մնում միտինգներից, վախեցած է, կարող են իրենց հեռու պահել։ Նրանք ոչ մի հնարավորություն, ռեսուրս չունեն խոչընդոտելու մի հանրահավաք, որը ես զգում եմ, որ լինելու է բազմահազարանոց, հզոր հավաք»,- ասաց Զուրաբյանը։

«Ազատության» հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից փոխանցեցին, որ բոլոր 12 անձինք բերման էին ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով և հիմա գործով նյութեր են նախապատրաստվում։

Երեկ երիտասարդների հետ բերման էին ենթարկվել նաև երկու լրագրող, որոնցից «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Անի Գևորգյանը ազատ արձակվելուց հետո «Ազատությանը» ասաց, որ ներսում քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը իրեն ապտակել է, երբ ինքը փորձել է հեռախոսով խոսել։ Ոստիկանության լրատվության բաժնից փոխանցեցին, որ այս հարցով ուսումնասիրություն է կատարվում։