Կուտակային պահումների դեմ բողոքին միացան նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները

Your browser doesn’t support HTML5

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին ելել մետրոպոլիտենի վարչական շենքի մոտ` պահանջելով վերադարձնել իրենց աշխատավարձերից կատարված պարտադիր կուտակային պահումները:

Ցուցարարները` հիմնականում մեքենավարներ ու փականագործներ, ստացել են հունվար ամսվա աշխատավարձը, և պարզվել է, որ այն նվազել է 10-14 հազար դրամով: Նրանք պնդում են, որ մետրոպոլիտենի ղեկավարությունն այդ պահումներն արել է գաղտնի, առանց հաշվի առնելու Սահմանադրական դատարանի որոշումը:

Անակնկալի եկած մարդիկ այսօր պահանջում են վերադարձնել այդ գումարները. կազմակերպել են ստորագրահավաք ու իրենց պահանջը գրավոր ներկայացրել մետրոպոլիտենի տնօրինությանը:

«Պահանջում ենք, առաջինը, որ մեր գումարները հետ վերադարձնեն: Երկրորդը` չենք ուզում, որ այդ կենսաթոշակային ֆոնդը գործի», - «Ազատություն» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

«90 հազարով ապրող մարդը, 5-8 հազար պահվում է, ու ամեն ինչի գները բարձրանում են, ես ո՞նց եմ պահելու իմ երեխեքին: Վաղը-մյուս օրը ես իմ երեխայի համար ի՞նչ ապագա եմ ստեղծելու», - վրդովված հավելեց մեկ ուրիշը:

Որոշ աշխատակիցներից կատարված պահումներն ավելի մեծ են` 14 հազար դրամ, ինչը նրանց պնդմամբ` զգալի հարված է իրենց ընտանեկան բյուջեներին. - «Փաստացի դուրս եկավ աշխատավարձի իջեցում: Ինչ ուզում եք սրա անունը դրեք»:

Մետրոպոլիտների աշխատակիցները նաև նշում են, որ ամենևին վստահ չեն, թե 30-40 տարի հետո հետ են ստանալու իրենցից պահված գումարները` փաստարկելով. - «30 տարի հետո համակարգը լրիվ վարի գնաց, ի՞նչ են անելու: Ո՞նց են այդ գումարները հետ վերադարձնելու»:

Մետրոպոլիտենի տնօրինությունը խոստացել է առաջիկա օրերին արձագանքել աշխատակիցների պահանջներին: Մեքենավարներն ու փականագործներն առայժմ գործադուլով չեն սպառնում, սակայն զգուշացնում են, որ իրենց իրավունքները պաշտպանելու համար գնալու են մինչև վերջ․ - «Կդիմենք ավելի վերև՝ քաղաքապետարան, կառավարություն։ Եթե կառավարությունն էլ արդեն չարեց, հետո կորոշենք»:

Մետրոպոլիտենի աշխատակցիներին աջակցելու էին եկել «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Նրանք ցուցարարներին հորդորեցին չենթարկվել գործատուի շանտաժին ու ճնշմանը, պայքարել սեփական իրավունքների համար․ - «Անցել է այն ժամանակը, երբ պետք է ժողովրդին ճնշեն, ժողովրդին վախեցնեն աշխատանքից հեռացնելու սպառնալիքով: Դա նույնիսկ քրեորեն պատժելի է: Ձեր գումարները ձեր սեփականությունն են, և Սահմանադրությամբ ամրագրված է, որ դուք ինքներդ եք իրավասու այն տնօրինել ըստ ձեր հայեցողության: Ցանկացած պահում ձեր աշխատավարձից առանց ձեր համաձայնության նույնպես օրենքի խախտում է»: