Երկաթուղայինները կուտակայինի դեմ պայքարում են գործադուլով

Your browser doesn’t support HTML5

Գործադուլի էին դուրս եկել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն այսօր գործադուլի էին դուրս եկել «Ետ տվեք մեր փողերը», «Դեմ ենք պարտադիր կուտակային համակարգին» և համանման կոչերով:

Ծովագյուղից, Մասիսից, Հրազդանից երկաթուղայինները թողել էին գործը և եկել, որ հանդիպեն ղեկավարությանը: «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը խոստացել էր հանդիպել գործադուլավորներին, սակայն երեք ժամ շարունակ սպասող մարդկանց ընդառա եկավ միայն ընկերության արհմիության ղեկավարը, ինչն էլ ավելի վրդովվեցրեց երկաթուղայիններին:

Արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը, փոխանցելով տնօրինության խոսքերը, ասաց, որ ղեկավարությունը պատրաստ չէ դուրս գալ փողոց և բացատրություններ տալ ցույցի դուրս եկած աշխատակիցներին, այլ միայն պատրաստ է լսել 20 հոգուց բաղկացած պատվիրակությանը: Ի վերջո երկաթուղայինները համաձայնեցին պատվիրակություն ուղարկել ղեկավարության հետ բանակցելու: Մոտ երկու ժամ ընթացող զրույցը, սակայն, չտվեց ցանկալի արդյունքը: Երկաթուղայինները «Ազատությանը» տեղեկացրեցին, որ քննարկում են հետագա անելիքները:

Երկաթուղայիններին աջակցելու էին եկել նաև «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամ Արտաշես Աբազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են կանգնել յուրաքանչյուր ընկերության կողքին և աջակցել կուտակային կենսաթոշակների դեմ պայքարի հարցում: