Երկու շենքերի միջանցիկ մուտքը վաճառվել է

Armenia - a building constructed in front of the entrance of a block

Սայաթ-Նորվա 23 և 25 շենքերի բնակիչները սեփական բնակարան հասնելու համար պետք է շրջանցեն շենքը և օգտվեն շենքի լրացուցիչ մուտքերից:
Խնդիրն այն է, որ միջանցիկ մուտքը, որը ծառայում է երկու շենքերի բնակիչներին, սեփականաշնորհվել է ոմն Արմեն Օհանջանյանի կողմից և 2004 թվականին այնտեղ տրվել է կառուցապատում կատարելու թույլտվություն:

«Հասկանում եմ, որ սա Հայաստանն է, և բազամթիվ օրենքներ որոշ մարդկանց համար չեն գործում: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է փակել դուռը մի համայնքում, որտեղ մոտ 70 մարդ է ապրում: Այս մարդիկ բոլորը օգտվում էին այդ մուտքից, բայց հանկարծ գալիս է մի հոգի և փակում մուտքը: Չի կարելի այդպես անել», - «Ազատություն» հետ զրույցում ասաց ազգությամբ շվեդ Ուլֆը, ով ամուսնացել է հայուհու հետ ու ապրում է Սայաթ-Նովա 25 շենքում:

Արդեն հիշատակված Արմեն Օհանջանյանը մոտ տասը տարի առաջ գնել է շենքի երկրորդ հարկի բնակարանը, այնուհետև շենքերի մուտքի առջև կցակառույց սարքել՝ մասնակիորեն փակելով մուտքը, երկու տարի առաջ էլ շենքերի մուտքին դուռ է տեղադրել, դռան կողքին՝ տեսախցիկ: Նշենք, որ շենքի առաջին հարկում բնակարան չկա՝ աստիճանավանդակն է, իսկ երկրորդ հարկի միակ բանկարանը հենց հիշյալ անձն է գնել:

«Քաղաքապետի ընտրությունից անմիջապես առաջ թաղապետը՝ Ա․Սադոյանը և քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը խոստացան, որ կբացեն: Բերեցին բացեցին, բայց ընտրությունների հաջորդ օրը նորից փակեցին մուտքը», - ասացին բնակիչները:

Նրանք դիմել են դատարան, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, փաստորեն, տարածքը համարվել է հանրային սեփականություն (2005 թվականին), սակայն սա չի խանգարել քաղաքապետարանին 2012 թվականին կառուցապատողին կրկին շինարարության թույլտվություն տալ:

Բնակիչների համբերության բաժակը լցրեց «Տրվում է վարձով» ցուցանակը, որն այժմ էլ փակցված է մուտքի վրա: «Հերիք չէ մուտքը վաճառել են, հիմա էլ վարձով են տալիս», - վրդովված ասում էին նրանք: Դիմել են նաև ավագանու «Բարև Երևան» խմբակցությանը, վերջինս՝ քաղաքապետին: Պատասխան նամակում քաղաքապետը կրկին հորդորում է դիմել դատարան, քանի որ տարածքը սեփական է: Վճռաբեկ դատարանի որոշմանը որևէ հղում չկա:

«Ակնհայտ է, որ աստիճանավանդակը հանրային սեփականություն է: Հիմա մարդկայնորեն հարց տանք․ սիրելի պարոն Մարգարյան, Դուք էդ բնակիչների տեղը եթե լինեիք, ի՞նչ կանեիք, եթե Ձեր աստիճանավանդակում կառուցապատման իրավունք տար մեկ այլ քաղաքապետ, որը Տարոն Մարգարյանը չլիներ: Եվ էսպիսի բազում դեպքեր կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: