ԱԻՄ-ն անցկացրեց հերթական հանրահավաքը

Your browser doesn’t support HTML5

ԱԻՄ-ն անցկացրեց հերթական հանրահավաքը

Այսօր Ազատության հրապարակում «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի հրավիրած հանրահավաքը բազմամարդ չէր՝ մասնակիցների թիվը չէր անցնում մի քանի տասնյակից:

«Անկեղծ պիտի լինեմ», - հավաքվածներին դիմեց Հայրիկյանը․ - «Կարծում էի, որ մի փոքր ավելի ներկայացուցչական կլիներ մեր հավաքը: Բայց դա կարևոր չէ»:

Հանրահավաքի առանցքում ուկրաինական զարգացումներն էին: Կազմակերպիչները Մայդանի ցուցարարներին զորակցության նամակ էին պատրաստել, որը հրապարակեցին հանրահավաքում:

Իր ելույթում Հայրիկյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ ասելով, թե գերտերությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մեր սահմանին խաղաղ չէ:

«Սրանք ո՛չ կարդում են, ո՛չ լսում են, միայն հոխորտան: Եթե դու հոխորտալու բան ունես, եթե հաղթանակից ես խոսում, նախևառաջ պիտի խաղաղությունը ապահովես: Սա կարևորագույնն է, որ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները, իսկ իրականում Մոսկվայի լակեյները մինչև այսօր չեն արել ու չեն անում»:

Հանրահավաքից հետ «Ազատության» հետ զրույցում Հայրիկյանը, նշելով, որ վերջին օրերին ադրբեջանական դիվերսիոն խումբը հայ զինվոր սպանեց, և ռուսական կողմը լռություն պահպանեց, շարունակեց․ - «Դահիճի և զոհի միջև համագործակցություն չի կարող լինել: Եթե սահման պահող էին, վերջին շրջանում, երբ կրակոցներ էին լինում, պիտի իրենց դրսևորեին, գոնի մի հայտարարություն պիտի անեին: Ռուսաստանը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է՝ զանգվածային ոչնչացման և հեռահար զենքեր: Այդպիսի բան միայն թշնամին կարող էր անել»:

Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզին» ԱԻՄ առաջնորդը չցանկացավ անդրադառնալ՝ ասելով, թե դավաճանությունն արդեն կատարված է:

Դիտարկմանը, թե նախորդ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հայտարարել է, որ Ռուսաստանի նախաձեռնած միության միանալու պատճառը Հայաստանի ազգային շահն է, Հայրիկյանն արձագանքեց․ - «Ճիշտն ասած՝ Սերժ Սարգսյանի ազգային շահը ես դժվարանում եմ ասել որն է: Բայց ինձ համար ակնհայտ է, որ մարդը, ով երեքուկես տարի խոսում էր Եվրոպայի հետ մերձենալու ազգային շահի մասին, մի օրվա մեջ փոփոխություն է կատարում, մենք բարոյական իրավունք ունենք ասելու՝ քո կարծիքը մեզ չի հետաքրքրում: Եթե այդպես կարող է Պուտինի մի «փըշտ»-ի պատճառով դու քո դիրքորոշումը փոխես և ապացուցեց նաև, որ ամբողջ Հանրապետական կուսակցությունը ստրուկների միություն է, ինչ կարիք կա, որ ես ինձ թույլ տամ անդրադառնալ դրան»: