«Ճանապարհային քարտեզի» իրականացումը կսկսվի արդեն այս ամիս

Հայաստանն այս ամիս կսկսի իրականացնել Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը»: Անցած շաբաթ կառավարության կայքում հրապարակված այս ծավալուն փաստաթուղթը բաղկացած է 249 էջից:

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ ծրագրվում է իրականացնել 262 միջոցառում՝ որից 150-ը միայն հայկական կողմի, մյուսները` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կատարման համար են: «Ճանապարհային քարտեզով» պետք է իրականացվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, Հայաստանի կողմից արդեն իսկ ստորագրված միջազգային պայմանագրերի փոփոխություններ, Մաքսային միության շրջանակներում միջպետական պայմանագրերի ստորագրում, ինչպես նաև Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու միջազգային պայմանագրի ստորագրում: Ընդ որում, Մաքսային միությանը միանալու համար օրենսդրական լայնածավալ փոփոխություններ են կատարվելու ոչ միայն մաքսային և հարկային ոլորտներում, այլև Հայաստանի քրեական և վարչական օրենսգրքերում:

«Ճանապարհային քարտեզով» անգամ նախատեսվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող ուսումնական ծրագրերի փոփոխություններ` ուսումնական ծրագրերում Մաքսային միության օրենսդրական դաշտի վերաբերյալ դասընթացների ներառման նպատակով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Մաքսային միությանը միանալու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունները և միջազգային պայմանագրերը խորհրդարան կբերվեն այս տարվա մարտին: Դրանց մի մասը կընդունվի փաթեթով: Արտակ Զաքարյանի փոխանցմամբ, ենթադրաբար արդեն աշնանը Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ. - «Ես կարծում եմ, որ մարտի վերջից սկսած արդեն տարբեր օրենքներ կգան Ազգային ժողով քննարկման, և հետևաբար նաև մենք պետք է կարողանանք մինչև տարվա առաջին կեսի ավարտը իրավական առումով պատրաստ լինել Մաքսային միությանն անդամակցելուն` հիմքում ունենալով այն քաղաքականությունը, որ դրա հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ լինելն է, ինչը որ հիմնադրվելու է 2015 թվականի հունվարի 1-ին: Այսինքն, մեր, ինչ-որ առումով արագացված գործողությունների նպատակներից մեկը հենց դա է, որ մենք կարողանանք արագ կերպով պատրաստ լինել: Մաքսային միությանն անդամակցելով` հիմնադիր անդամ լինելու հայտ ենք ներկայացնում նաև 2015 թվականի հունվարի 1-ից նախատեսված Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համար»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի քաղաքացիները ավելի դժվար իրավիճակում չե՞ն հայտնվելու, հաշվի առնելով, որ ըստ Էկոնոմիկայի նախարարության այդ միության անդամ դառնալուց հետո Հայաստան ներկրվող ապրանքների մոտ 60 տոկոսը թանկանալու է, Արտակ Զաքարյանն ասաց, թե վերապահումով է մոտենում նաև նախարարության վերլուծություններին՝ ընդգծելով, թե դրանց փոխարեն շատ ապրանքներ էժանանալու են. - «Եթե ինչ-որ ոլորտում էլ թանկացումներ լինելու են զուտ կապված հարկային, մաքսային քաղաքականության հետ, բնականաբար դրանք փոխհատուցվելու են մնացած ոլորտներում ակնհայտ արտոնություններով»:

Նշենք, որ «ճանապարհային քարտեզի» երկու հարյուրից ավելի միջոցառումները, այդ թվում` տարատեսակ վերլուծություններն ու փորձագետների ֆինանսավորումը, Հայաստանն իրականացնելու իր բյուջեի հաշվին և Մաքսային միությունից ֆինանսական աջակցություն չի ստանալու: Արտակ Զաքարյանը բացատրեց, թե Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի սուվերեն որոշումն է, հետևաբար Հայաստանն է պատասխանատու իր կայացրած որոշման համար: Մեր հարցին` որքա՞ն կարժենա Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, նա արձագանքեց. - «Գիտեք, դժվար է ասել: Որքա՞ն արժե Հայաստանի անվտանգությունը, որքա՞ն արժե Հայաստանի տնտեսական լրացուցիչ ռեսուրսների ներգրավումը, որքա՞ն արժե Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը: Սրանք խնդիրներ են որոնք թվային չափումների մեջ պետք չէ դիտարկել»:

Մինչ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդում է, որ հայաստանցիները շահելու են Մաքսային միությանն անդամակցությունից, նախկին վարչապետ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը զգուշացնում է. եթե իշխանությունները շարունակեն այսպես անպատրաստ գնալ Մաքսային միություն՝ Հայաստանի տնտեսությունը անկում է ունենալու: Ծանոթանալով հրապարակված «ճանապարհային քարտեզին»` Բագրատյանը եկել է այն եզրահանգման, որ այն պատրաստված է առանց լուրջ վերլուծության: Նախկին վարչապետն ընդգծում է, որ Մաքսային միությանը անդամագրվելուց հետո ներկրվող ապրանքերի 60 տոկոսը թանկանալու է, 40 տոկոսը ` էժանանալու: Հայաստանի իշխանությունները թանկացման ենթակա մոտ 7 հազար անուն ապրանքներից ընդամանը 800-ի դեպքում են բանակցություններ վարում Մաքսային միության հետ:

«Ինչո՞ւ ավելի շատ ապրանքերի համար չեն բանակցում»,- հարցնում է Հրանտ Բագրատյանը. - «Ի վերջո ի՞նչ, ուզում ենք, որ վարկաբեկե՞նք Մաքսային միությանը, նրան անդամակցելուց հետո ստանանք տնտեսական անկո՞ւմ: Այսինքն, երբ որ մեզ ասվում է, որ Հայաստանը շատ արագ է այդ գործողությունը կատարում, ոչ թե այն է ասում, որ Հայաստանը լավ է աշխատում, այլ` Հայաստանը թքած ունի, գալիս է, ասում է` ամեն ինչի պատրաստ եմ ստորագրելու: Սա անընդունելի է: Եվ ընդհանուր մոտեցումը` կառավարության, նախագահի, այսպիսին է` քանի որ մինչև սեպտեմբերի 3-ը եվրոինտեգրվում էինք, իրենք իրենց մեղավոր են զգում, թե ինչու չէինք Մաքսային միությանն ինտեգրվում: Հիմա փորձում են հրաշքներ ցույց տալ Մաքսային միությունում, դուր գալ, հաճոյանալ Ռուսաստանին: Նրանք ուզում են իրենց մեղքը հետ գնել` ասելով` մենք պատրաստ ենք ամեն բան ստորագրելու առանց քննարկելու»:

Մինչ Հայաստանի իշխանությունները ոգևորվում են ռուս պաշտոնյաների հայտարարություններից, թե Ռուսաստանը զարմացած ու հիացած է, թե ինչպես է Հայաստանը արագ տեմպերով գնում Մաքսային միություն, նախկին վարչապետը ռուսների այդ հայտարարություններում հանդիմանություն է տեսնում:

«Ես նույնիսկ գիտեմ, որ շատ կոնկրետ օրենքներ այսօր քննարկվում են Մաքսային միության շրջանակներում, ռուսներն առաջարկում են` լսեք, դուք էլ պետություն եք, ինչ-որ շահեր ունեք, ձեր առաջարկներն արեք, ոչ թե կուրորեն նախաստորագրեք այն, ինչ ուզում եք ստորագրել», - ասում է նախկին վարչապետը: