Ամփոփվեցին լավագույն պատմվածքի մրցույթի արդյունքները

Your browser doesn’t support HTML5

Ամփոփվեցին «Պատմվածք 2013» մրցույթի արդյունքները

Արդեն երրորդ անգամ «Անտարես» հրատարակչության կողմից անցկացվող լավագույն պատմվածքի մրցույթում այս տարի առաջին մրցանակ չի հանձնվել:

Երեք գլխավոր մրցանակների են արժանացել Արփի Ոսկանյանը, Համբարձում Համբարձումյանը և Նարինե Կռոյանը (100 հազարական դրամ պարգևավճարով), իսկ Մերի Մկրտչյանն ու Անի Գրիգորյանը ստացան հատուկ մրցանակներ և 50 հազարական դրամ պարգևավճար:

Ընդհանուր առմամբ, մրցույթին այդ տարի ներկայացվել էր 102 պատմվածք, որոնցից 21-ը անցել են վերջին փուլ և կընդգրկվեն առանձին գրքով հրատարակվելիք ժողովածուում:

Տարբեր կազմակերպությունների ու անհատների սահմանած մրցանակների են արժանացել նաև երկրորդ փուլ անցած պատմվածքների հեղինակներից ոմանք:

«Ամբողջ աշխարհում նման մրցույթները կազմակերպվում են հրատարակիչների կողմից, իսկ հրատարակիչը արդեն գարանտ է, որ այս տիպի մրցույթը լինի օբյեկտիվ, քանի որ նա փնտրում է դաշտում, որպեսզի գտնի գործընկեր, որի հետ ճանապարհ պիտի անցնի: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև փորձի դրսում էլ այդ ճանապարհը անցնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Իսկ մրցութային հանձնաժողովի անդամներից Հայկ Հարությունյանը, ի պատասխան լրագրողների հարցին, թե լինում են արդյոք դժգոհողներ, ասաց․ - «Միշտ լինում են, որովհետև մարդկանց ամբիցիաները, հատկապես ստեղծագործող մարդու ամբիցիաները շատ ավելի շատ է, քան այն, ինչ ի վերջո ստացվում է»:

«Մեր մրցույթի նպատակը պատմվածք առանձնացնել է: Ժյուրին առանց անուններն իմանալու է գնահատել», - ասաց մրցույթի համակարգող, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: