Ընդդիմությունը չի շտապում ընդունել վարչապետի և փոխվարչապետի պաշտոններին տիրանալու նախագահի առաջարկները։
Օրենսդիրները պետք է ելք գտնեն այս քաոսից
Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղական ժամանակով ժամը 10-ին արտահերթ նիստի են հավաքվում խորհրդարանի` Գերագույն ռադայի 7-րդ գումարման պատգամավորները, ովքեր պետք է ճակատագրական որոշումներ կայացնեն երկրում քաոսային վիճակին վերջ տալու համար։
Անցած օրերին ընդհարումների զոհ է դարձել, պաշտոնական տվյալներով, առնվազն երեք մարդ, որոնց թվում նաև հայազգի երիտասարդ Սերգեյ Նիգոյանն է։ Ընդդիմության պնդումներով՝ սպանվել է հինգ մարդ։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ իրավապահներ, բուժօգնություն են ստացել, հրկիզված են տասնյակ մեքենաներ, ավերված են մեծ թվով շենքեր, այդ թվում պետական իշխանության գրասենյակներ։
Արևմուտքը ձգտում է Եվրոպա, արևելքն ու հարավը` Ռուսաստան
Ուկրաինայի արևմտյան մասը, որը կարելի է պայմանականորեն անվանել «եվրոպամետ», հայտնվել է ընդդիմության հսկողության տակ, հարավային և արևելյան շրջաններում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «ռուսամետ», հնչում են «հանրապետության տարածքում արտակարգ դրություն մտցնելու և սահմանադրական կարգը փրկելու» կոչեր։
Յանուկովիչը պատրաստ է զիջել ամեն ինչ՝ բացառությամբ աթոռի
Նախագահ Վիկտոր Յանուկովիչը ելք է որոնում։ Նա առաջարկել է ընդդիմության լիդերներ Արսենի Յացենյուկին և Վիտալի Կլիչկոյին վարչապետի և փոխվարչապետի պաշտոնները, հավաստիացրել է, որ կողմ է Ուկրաինայում խորհրդարանա-նախագահական իշխանության կարգ հաստատելու սահմանադրական փոփոխությանը։
Յանուկովիչը հավաստիացրել է, որ նոր ձերբակալություններ չեն լինի, իսկ բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն։ Նա պաշտոնանկ է արել իր երկու կարևոր օգնականներին` մամլո խոսնակ Դարյա Չեպակին և քաղաքական վերլուծությունների պետական կենտրոնի ղեկավար Անդրիյ Երմոլաևին։
Նա խոստացել է վերանայել ցույցերի դեմ պայքարի խստացված օրենքները, անմիջապես ստորագրել վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականը, ասելով, որ հունվարի 28-ի արտահերթ նիստում կընդունվեն կառավարության կազմի լուրջ փոփոխություններ, միայն թե ընդդիմությունն ընդունի այդ առաջարկները, ինչը թույլ կտա ազատել մայրաքաղաքը թե՛ ընդդիմության և թե՛ ոստիկանության ջոկատներից։
Իսկ ընդդիմության նպատակը նախագահի հրաժարականն է
Բայց ընդունելի՞ են արդյոք ընդդիմադիրների համար այդ առաջարկները։ Օրենսդիր Անատոլի Հրիստոնկեն, ով նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրոք զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ դժվար թե այսօրվա ընդդիմադիրները բավարարվեն վարչապետի և փոխվարչապետի պաշտոններով, քանի որ նրանց գերագույն նպատակը հենց նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականն է։
Օրենսդիրի խոսքերով՝ Յանուկովիչը պարտավոր է գիտակցել, որ իր հրահրած առճակատումը և Կրեմլի աներևույթ ներկայությունն առաջին հերթին հենց իրեն են վնասում։
«Կրեմլն ամեն ինչ անում է Ուկրաինան հսկողության տակ պահելու համար, Յանուկովիչը պարտավոր է հասկանալ, որ հետագայում ռուսները նրա կարիքը չեն ունենա։ Նրանց համար կարևորն Ուկրաինան Եվրամիությունից հեռու պահելն է, հենց այդ հարցը լուծվի, Յանուկովիչը նրանց համար որևէ արժեք չի ներկայացնի», - ասել է Հրիստենկոն։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավլո Լեբեդևն անցած կիրակի օրը հավաստիացրել է, որ բանակը ժողովրդի վրա չի կրակի։