Մոնթրոյում քննարկվում է սիրիական հակամարտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմում է Ժնև-2 կոնֆերանսի մասնակիցներին: 22-ը հունվարի, 2014 թ.

Սիրիայում արդեն շուրջ երեք տարի շարունակվող հակամարտությանը լուծում գտնելու նպատակով այսօր Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հավաքվել են շուրջ չորս տասնյակ երկրների արտգործնախարարներ: Առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ հաջողվել է բերել երկու հակադիր կողմերին` Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր ուժերի մի հատվածի ներկայացուցիչներին:

Հիմնական տարաձայնությունը Բաշար Ասադի հեռանալու կամ իշխանության մեջ մնալու շուրջ է, կողմերը բավական կոշտ հայտարարություններով են հանդես եկել, ինչը վկայում է նրանց անզիջում դիրքորոշման մասին եւ սպառնում է տապալել բանակցությունները:

Բացելով միջազգային գագաթաժողովը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ այսօր փխրուն, սակայն իրական հույսի օր է. առաջին անգամ սիրիական կառավարությունն ու ընդդիմությունը, տարածաշրջանի և միջազգային հանրության ներկայացուցիչները հավաքվել են` քաղաքական լուծում գտնելու սիրական հակամարտությանը:

Տարածաշրջանի երկրներից Իրանը, սակայն, այդպես էլ հնարավորություն չունեցավ մասնակցել այս միջազգային գագաթաժողովին, քանի որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետ կանչեց հրավերը` Միացյալ Նահանգների եւ սիրիական ընդդիմության առարկություններից հետո: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթի ժամանակ նորից ընդգծեց Իրանի ներկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև կոչ արեց բանակցություններին հրավիրել Սիրիայում գործող ընդդիմության այլ, Լավրովի խոսքով` հայրենասիրաբար տրամադրված ներկայացուցիչներին ևս:

Սիրիական ընդդիմադիր բազմաթիվ ուժերից բանակցություններին ներկա են միայն Սիրիական ազգային կոալիցայի ներկայացուցիչները, որի ղեկավար Ահմադ Ջաբրան այսօր կոչ է արել Սիրիայի կառավարության պատվիրակության ներկայացուցիչներին իրենց կողմն անցնել և պահանջել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իր բոլոր լիազորությունները փոխանցի ձևավորվելիք անցումային կառավարությանը:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին նույնպես պնդել է, որ անցումային կառավարությունում Ասադը չի կարող տեղ ունենալ:

Ի պատասխան այս պնդումների` Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ ոչ ոք, բացի Սիրիայի ժողովրդից, իրավասու չէ որոշել նախագահի լեգիտիմության հարցը: Մուալեմը ընդդիմության ներկայացուցիչներին դավաճան և արտասահմանի գործակալներ է անվանել, իսկ բանակցային սեղանի մոտ հավաքված որոշ երկրների կոչ է արել չաջակցել ահաբեկիչներին:

«Եթե դուք իրոք մտահոգված եք Սիրիայում մարդկանց վիճակով և նրանց կենսական պայմաններով, ապա հետ քաշեք ձեր ձեռքերը Սիրիայից, դադարեցրեք աջակցել ահաբեկիչներին և վերացրեք սանկցիաներն ու սիրիական ժողովրդի շրջապակումը, - հայտարարել է Մուալեմը: