Քերրին Սիրիայի ընդդիմությանը կոչ է անում մասնակցել խաղաղության խորհրդաժողովին

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Էլ-Քուվեյթում ասուլիսի ժամանակ, 15-ը հունվարի, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին դիմել է Սիրիայի ընդդիմությանը՝ խնդրելով մասնակցել հունվարի 22-ին Շվեյցարիայում նախանշված խաղաղության խորհրդաժողովին:

Այսօր սիրիական ընդդիմադիր խմբերը քվեարկության են դնելու խորհրդաժողովին մասնակցելու հարցը:

Պաշտոնական Մոսկվան կրկին հորդորել է Արևմուտքին՝ խորհրդաժողովին հրավիրել նաև Իրանին: Հինգշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Իրանը անխուսափելիորեն պետք է դառնա մասնակից Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու փորձերին:

Երեկ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Իրանի և Սիրիայի արտգործնախարարներին: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն ասել է, որ Թեհրանը չի մասնակցի բանակցություններին, եթե դրա համար առաջանան նախապայմաններ:

Վաշինգտոնը, հիշեցնենք, պնդում է, թե Թեհրանը պետք է համաձայնի, որ Սիրիայի անցումային կառավարության կազմում չպետք է լինի այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը: