Վերաքննիչը հետաձգեց Փակ Շուկայի հարցով բողոքի քննությունը

Your browser doesn’t support HTML5

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր հետաձգեց Փակ Շուկայի հարցով Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը։
Այսօր դատական ստուգման պետք է ենթարկվեր պատգամավորի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 6-ի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին դատարանը մերժեց Փոստանջյանի հայցը, որով նա պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դատարանի մերժման պատճառաբանությունը հանցակազմի բացակայությունն էր։

Սակայն Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանի համոզմամբ՝ Կենտրոնական բաժնի քննիչը չի իրականացվել գործի բազմակողմանի և օբեկտիվ քննություն, փոխարենը, հիմնվել է քաղաքապետի կողմից գոյություն չունեցող թույլտվությունների վրա։

«Պետք է շինթույլտվությունից սկսել, որը պետք է համապատասխանի նախագծերին, որը բացակայում է, շինթույլտվությունը տրված է, սակայն դրանում բացակայում է, թե ինչի համար է։ Քանդման թույլտվություն, որ պետք է քանդման համար վճարվի ակտ, գոյություն չունի, քանդման ենթակա օբյեկտը նշված չէ, կարող են գալ մեր տները քանդել, այսինքն առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չեն, թե ինչ օբյեկտներն են ենթակա քանդման, այսինքն հայեցողությունը թողնված է այլ անձի, թե հետագայում ինչ կլրացվի կամ ինչ է ենթակա քանդման»,- ասաց Միքայելյանը։

Սակայն դատախազ Մամիկոն Գեղամյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե քննիչի կողմից կատարվել է հիմնավորված ու պատճառաբանված որոշում, դատարանի որոշումն էլ, հետևաբար թե պատճառաբանված է, և թե հիմնավորված։

«Քանդման թույլտվությունը տրամադրվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից 20.01.12 թվականին տրված դրական եզրակացությամբ, եղել է քաղաքապետի կողմից տրված թույլտվություն, քաղաքաշինության նախարարության կողմից թույլտվություն, հետևաբար վերաքննիչ բողոքը կխնդրեի դատարանին մերժել»,- ասաց դատախազ Գեղամյանը։

Դատախազը նաև նշեց, որ արձանագրված խախտումների մասով գործը նախկինում քննվել է ու խախտումների համար կառուցապատողն արդեն պատասխանատվության ենթարկվել է։
Դատարանն էլ քննիչից ու դատախազից պահանջեց փաստեր ներկայացնել, որոնք կապացուցեն, որ կառուցապատողը վարչական պատասխանատվության է ենթարկվել։

Հենց այս փաստերը ձեռք բերելու և ներկայացնելու համար էլ դատարանը հետաձգեց նիստը մինչև փետրվարի 7-ը։

Փոստանջյանի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բոլորի համար էլ պարզ է, որ մշակութային արժեք է ոչնչացվել, սակայն հանգամանքներից ելնելով գործն արհեստականորեն ձգձգում են։

«Ոչ մի պատճառաբանություն չունեն, գործում առկա չեն համապատասխան օրենքով սահմանված փաստաթղթերն, այդ իսկ պատճառով, դատարանն ինքը հասկանալով փորձում է ժամանակ տրամադրել դատախազին, քննիչին, որպեսզի նրանք կարողանան հայթայթել ինչ որ փաստաթղթեր, նույնիսկ ինձ թվում է «ձևաթղթեր», որպեսզի կցվեն գործին, որպեսզի շարունակվի հետագա ընթացքը, բայց դուք արդեն կարող եք ենթադրել, թե ինչ ընթացքի մասին է խոսքը»,-ասաց Միքայելյանը։

Ընդդիմադիր պատգամավորի փաստաբանն այստեղ նաև դատավորի կողմից գործի ուղղությունը շեղելու միտում է տեսնում.- «Փաստաթղթերն են ներկայացվելու, որը հետագայում դատարանը հիմնավորելու է, որ այս փաստաթղթերի հիման վրա այս անձն արդեն պատասխանատվության՝ վարչական տույժի ենթարկվել է և դրանով սահմանափակվելու է։ Փորձելու ենք թույլ չտալ, որպեսզի դրանով ավարտվի, ուղղակի որպես փաստաբան չեմ կարող ասել, մեր հետագա դիրքորոշումը»։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասում է, որ արդեն ոչ դատարաններին է հավատում ու նրանց հետ հույս կապում, ոչ էլ իշխանությանը։ Սանասարյանը նաև ասում է, որ այն դեպքում, երբ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները փաստեցին, որ մշակութային հուշարձանն աղճատվել է, դատարանները, միևնույն է, այս հայցով գործերը կամ մերժեցին, կամ դրանցում հանցակազմ չտեսան։

«Քանի որ մյուս կողմում կանգնած էր մի օլիգարխ, որը իշխանության հենարանն է և լոկալ, և ընդհանրապես ֆինանսական հենարաններից մեկն է, չուզեցան տրորել նրա ոտքը։ Մենք գիտենք, որ արդեն կորցնում ենք հրապարակը, արտգործնախարարության շենքը վերածում են հյուրանոցի և չգիտենք կարող է մի օր էլ Ռուսաստանի դեսպանատունը տեղափոխեն դեպի Բաղրամյան 26։ Խնդիրը խորքային է և հետևյալն է, որ պետք է գիտակցեն, որ նոր Փակ շուկաների ենք ականատես լինելու, եթե շարունակենք տանը նստելով բողոքենք այս իրավիճակից»,- ասաց Սանասարյանը։