«Բարև Երևանը» կարող է ուղեվարձի հարցով դիմել Եվրոպական դատարան

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու` քաղաքապետի կասեցված որոշումների հարցով քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը կարող է դիմել Եվրոպական դատարան:

«Ազատության» հետ զրույցում «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասաց, որ այլ ելք պարզապես չի մնում` բոլոր դատական ատյանները մերժել են իրենց հայցադիմումները, իսկ միակ պատճառաբանությունն այս ընթացքում տվել է Վարչական դատարանը` նշելով, թե անհասկանալի է ո՞ւմ շահերն է ցանկանում պաշտպանել խմբակցությունը: Մնացած բոլոր դեպքերում` թե՛ Վարչական, և թե՛ Վճռաբեկ դատարանները հայցը չեն ընդունել` առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

Անահիտ Բախշյանը, հղում կատարելով Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքին, նշեց, որ ավագանու անդամի լիազորությունների մեջ կա կետ, որի համաձայն նա դատական կարգով կարող է վիճարկել քաղաքապետի որոշումները, մինչդեռ, ըստ նրա` «դատական ատյաններից ոչ մեկը մեր` քաղաքապետի որոշումը վիճարկելու` օրենքով տրված իրավունքը չի իրականացրել»:

Դատական հայցում «Բարև Երևան» խմբակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել ուղեվարձը բարձրացնելու որոշումները, քանի որ դրանք հակասում են օրենքին, պնդելով, թե դրանք հակասում են օրենքին:

Երևանի քաղաքապետարանից «Բարև Երևանի» հայցին որևէ կերպ չեն արձագանքում, «Ազատության» հետ զրույցում քաղաքապետարանից փոխանցեցին, որ խմբակցության հայցը պետք է քննի և որոշում կայացնի դատարանը, իսկ դատարանը արդեն որոշում կայացրել է։