Սուրենյանցի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

Սուրեն Սուրենյանց, արխիվ

Նախկին ընդդիմադիր գործիչ և լրագրող Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ծեծ»։

«Ըստ Սուրեն Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013 թվականի դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք», - այսօր տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը՝ շարունակելով. - «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները` նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Վահան Կարապետյանի դեմ»:

Կատարվում է նախաքննություն:

Վահան Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր է։