Մահացել է Արմեն Մազմանյանը

Արմեն Մազմանյան

Այսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում վախճանվել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոռեկտորներ Անետա Երզնկյանը և Հովհաննես Մինասյանը ասացին, որ շատ հուզված են, իրենց համար անակնկալ էր այս ողբերգությունը՝ երիտասարդ ղեկավարի մահը: Նրանք փոխանցեցին, որ Մազմանյանը ընդամենը երկու օր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրա վիճակը երեկ երեկոյան կտրուկ վատթարացել էր: Այլ մանրամասներ պրոռեկտորները չհայտնեցին:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Արմեն Մազմանյանի մահվան պատճառը լյարդի քաղցկեղն է:

Արմեն Մազմանյանը 54 տարեկան էր, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր արդեն երրորդ տարին:


Գայանե Դանիելյան