Ազգային պատկերասրահը անցած տարի ունեցել է շուրջ 16 հազար այցելու

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի ազգային պատկերասրահը անցած թվականին ունեցել է աննախադեպ թվով այցելուներ:

«2013 թվականին 16 հազարից ավելի այցելու ենք ունեցել», - «Ազատության» հետ զրույցում այսօր տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: - «Մեծ մասը մեր երիտասարդությունն է: Ես տեսնում եմ, ինչպես ընտանիքներով են գալիս: Տեսնում ենք, թե դպրոցականներն ինչպիսի սիրով են գալիս»:

Անցած տարի ունեցած ձեռքբերումներից Միրզոյանն առանձնացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամփյանի դստեր` Իրինա Դրամփյանի նվիրատվությունը. - «Իրինա Դրամփյանը նվիրեց Ազգային պատկերասրահին Մարկ Շագալի 1915 թվականի ստեղծագործությունը... Բացառիկ երևույթ է»:

Անդրադառնալով 2014-ի ծրագրերին` Փարավոն Միրզոյանն ասաց. - «Մենք արդեն կամաց-կամաց մտածում ենք կազմակերպել այնպիսի ցուցահանդեսներ... 15 թվականին Եղեռնին նվիրված ցուցահանդեսը ուզում ենք միջազգային չափանիշներով կազմակերպել: Ոչ միայն հայ նկարիչների... Այնպիսի ցուցահանդես կազմակերպել, որը վերաբերի ոչ միայն մեր Եղեռնին, այլև համամարդկային հնչեղություն ունենա»:

Ազգային պատկերասրահում ամեն տարի ոչ միայն տասնյակ ցուցահանդեսներ են բացվում. այստեղ տեղի են ունենում միջազգային գիտաժողովներ, անցկացվում են «Ազգային պատկերասրահ» և Վերադարձի դասական երաժշտության փառատոները` անվանի կատարողների մասնակցությամբ:

«Ամեն ամիս անպայման մեկ-երկու ցուցահանդես լինում է: Ես կարող եմ նշել մի հրաշալի ցուցահանդես, որը մինչև այսօր էլ կա: Դա Մուշեղ Չալոյանի գորգերի հավաքածուի ցուցահանդեսն է... Ազգային պատկերասրահը նման ցուցահանդես չի ունեցել, որտեղ ցուցադրվեին հոլանդական, նիդեռլանդական, ֆրանսիական 14-17-րդ դարերի գոբելենները: Հայկական հրաշալի գորգերի ցուցահանդեսը, Կոլյա Նիկողոսյանի, Բեքարյանի, Սեդրակյանի, տասնյակ ցուցահանդեսներ... Դրանք հոբելյանական ցուցահանդեսներ էին, որը շատ կարևոր է»:

Պատկերասրահը, Միրզոյանի համոզմամբ, տարեցտարի վերածվում է նաև կրթօջախի. - «Մենք ավելի շատ մտածում ենք երիտասարդությանն ընդգրկելու ուղղությամբ, որպեսզի գա, սիրի արվեստը»:

Անդրադառնալով պատկերասրահի խնդրիներին` տնօրենն առանձնացրեց աշխատակիցների «չնչին» աշխատավարձը բարձրացնելու հարցը: