Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի գործով երկու ձերբակալված կա

Վիտալի Բալասանյանը քվեարկում է Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություններում, 19-ը հուլիսի, 2012

Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նախագահի նախկին թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի առնչությամբ երկու հոգի է ձերբակալվել։

«2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն»,- փոխանցում է ԼՂ գլխավոր դատախազության կայքէջը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով ձերբակալվածների տվյալները չեն հրապարակվում:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածուի մեքենայում պայթուցիկ էր հայտնաբերվել։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»,- հայտնել էր գլխավոր դատախազությունը։

Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, եղել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Իսկ 2012-ի նախագահական ընտրություններին Բալասանյանը որպես նախագահի թեկնածու հանդես եկավ ընդդիմադիր կեցվածքով՝ խիստ քննադատելով հակառակորդ թիմին, գործող իշխանություններին, նրանց կողմից տարվող քաղաքականությունը։ Սակայն ընտրություններից հետո Բալասանյանը շարունակեց միայն իր պատգամավորական գործունեությունը և չստեղծեց խոստացած ընդդիմադիր կուսակցությունը։