«ԼՂ-ն ի վիճակի է վարել պատասխանատու և ակտիվ արտաքին քաղաքականություն»

ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց, որ ԼՂ-ն «ի վիճակի է վարել պատասխանատու եւ ակտիվ արտաքին քաղաքականություն»:

Արտգործնախարարի խոսքով՝ թեև բանակցային գործընթացում լուրջ հաջողություններ չկան, ինքը, այդուհանդերձ, դրական միտումներ է տեսնում: Նա վկայակոչեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը, որը «որոշակի աշխուժություն մտցրեց կարգավորման գործընթացում»:

«Երբ ասում եք, որ Ղարաբաղը ձգտում է դառնալ բանակցության լիիրավ անդամ, խոսքը ոչ թե նրանում է, որ Ղարաբաղը ուղղակի ձգտում է: Խոսքն այն մասին է, որ շահագրգռված լինելով հիմնահարցի կարգավորմամբ և սթափ գնահատելով իրավիճակը՝ մենք ասում ենք թե՛ համանախագահներին և թե՛ կոնֆլիկտի մեջ ներգրավված մյուս կողմերին, որ այս հարցը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի հանրապետության լիարժեք մասնակցության», - հավելեց նախարարը:

Միրզոյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշմանը: Նրա խոսքով՝ Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի։ Այն տնտեսական համագործակցության նպատակներ հետապնդող կազմակերպություն է և կոչված չէ, ոչ էլ ի վիճակի է հետապնդել որևէ քաղաքական հարց․ - «Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարգավիճակը որոշվել է իր ազգաբնակչության կողմից անկախության հանրաքվեի միջոցով, վերահաստատվել է սահմանադրական հանրաքվեի ճանապարհով, և ես այսօր չեմ տեսնում որևէ պատճառ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշումը ենթարկվի փոփոխության»:

«Ուղղակի առնչություն Մաքսային միության խնդրին մենք չունենք: Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ, Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար․ հայուհի է, գեղեցիկ է», - նշեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: