Թևան Պողոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը և համապատասխան դիմումը արդեն ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին:

«Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»:

Նշենք, որ Թեւան Պողոսյանը ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ է, որը դեկտեմբերի 26-ին գումարված հանձնաժողովի արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած գազային համաձայնագրերի քվեարկության արդյունքները:

«Ժառանգության» կուսակցության համամասնական ցուցակով Թեւան Պողոսյանին հաջորդում են նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանը եւ «Բարև Երևան» դաշինքից մայրաքաղաքի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը:


Էլեն Չիլինգարյան