Անդամակցությունը ՄՄ-ին «որևէ կապ չունի ղարաբաղյան կարգավորման հետ»

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Մաքսային միությունը բացառապես տնտեսական միություն է, և Հայաստանի անդամակցությունը այս կառույցին որևէ ընդհանուր բան չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի հետ, հինգշաբթի ամփոփելով տարին լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք՝ Մոսկվայում օրերս կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Ղազախստանը ստորագրում է ՄՄ-ի անդամակցության «ճանապարհային քարտեզը» հատուկ կարծիքով: Նա բացատրություններ էր պահանջել Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի կարգավիճակի վերաբերյալ։

ՀՀԿ-ի խոսնակն այս կապակցությամբ ասաց, որ չնայած Ղազախստանի նման դիրքորոշմանը, «ճանապարհային քարտեզից» բացի այլ փաստաթուղթ այդ օրը չի ստորագրվել:

«Այդ մասին շատ հստակ խոսեց այդ պրոցեսի պատասխանատուներից մեկը՝ [Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա] տիկին Վալովայան։ Նա բառացի նշեց, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը որևէ աղերս չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի հետ։ Երկրորդը՝ ՄՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միություն է, ուստի այստեղ քաղաքական հարցեր չեն քննարկվում։ Եվ երրորդը՝ պարոն Նազարբաևը ստորագրել է «ճանապարհային քարտեզի» տակ։ Այլ փաստաթուղթ ղազախական կողմից չի ներկայացվել»,- հայտարարեց Շարմազանովը։

Շարմազանովն ասում է՝ պետք չէ զարմանալ Ղազախստանի դիրքորոշումից, քանզի այդ երկիրն ունի նյութական շահեր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, սակայն անհանգստանալու առիթ այստեղ ևս չի տեսնում:

Անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին, ՀՀԿ-ի խոսնակը տարին արդյունավետ ու հաջողված համարեց՝ հավելելով, որ իհարկե, կային խնդիրներ՝ արտագաղթ, աղքատություն, արդարության պակաս, որոնք դեռ լուծված չեն։

«Բայց խոսել ձախողման մասին, ինչպես երեկ խոսեց գործընկերներից մեկը... ընդդիմության գործը պետք է քննադատելը լինի, բայց երբ քննադատությունը իր մեջ որևէ փաստ չի ներառում, այն նմանվում է մանկապարտեզի»,- ասաց Շարմազանովը։

Խնդի՞ր չէ արդյոք այն փաստը, որ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, երկրի նախագահի հանձնարարականով այդպես էլ չկարողացավ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Տարվա ավարտին մնացել է 5 օր, ու վստահաբար այդ թվից շատ հեռու ենք: Իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը օրակարգում դրված չէ:

«Որևէ նորմալ ժողովրդավարական երկրում կառավարության գնահատականը և վստահությունը տալիս են պառլամենտները, քաղաքական ուժերը կառավարության ծրագիրը և բյուջեն հաստատելու ժամանակ։ Եվ կառավարության ծրագիրը, և բյուջեն ՀՀ ԱԺ-ն մեծամասնության ձայներով ընդունել է, ուստի մեր օրակարգում վարչապետ Սարգսյանի փոփոխության հարց օրակարգում դրված չէ»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովն ասաց՝ մեր երազած Հայաստանը մենք արդեն իսկ ունենք՝ ազատ ենք ու անկախ: «Ազատության» այն հարցին, թե ՄՄ-ին անդամակցությունը չի վտանգո՞ւմ արդյոք այդ ձեռքբերումները, ՀՀԿ-ի խոսնակը պատասխանեց.- «Ինքնիշխանություն կորցնելու խնդիր չունենք։ Ես Ձեզ հարց տամ՝ որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Սերբիան մտել են Եվրամիություն, ինքնիշխանությունը կորցրե՞լ են։ Հայաստանը իր ժողովրդավարական բարեփոխումները չի անում, որպեսզի դուր գա այս կամ այն երկրին։ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումները իրականացնում է, բազմակարծությունը զարգացնում է, կոռուպցիայի դեմ պայքարում է, որովհետև դրանք մեր ներքին օրակարգային խնդիրներն են և դրանք առաջինը անհրաժեշտ են մեզ»։