Շվեյցարիան պետք է բողոքարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրադատարանի վճիռը

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:

Փերինչեքը` աննշան թուրքական կուսակցության ղեկավարը, 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա այն դիտավորությամբ, թե ինչպես են շվեյցարական իշխանությունները հանդգնելու պատժել իրեն Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հայոց ցեղասպանությունը նա լկտիաբար անվանել էր «միջազգային սուտ»:

Ի պատասխան «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության կողմից քրեական գործ հարուցելու մասին բողոքի` Լոզանի ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Փերինչեքին դատապարտել և տուգանել էր ռասայական խտրականության համար: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը հաստատել էր իր դատավճիռը, որոշելով, որ նա խախտել էր Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանը) դեռևս 2003 թվականին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Հետագայում Փերինչեքն իր գործով դիմել էր Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյանին` Դաշնային դատարան, որն էլ վերահաստատել էր նրա դատավճիռը:

2008 թվականի հունիսի 10-ին Փերինչեքը բողոքարկել էր իր դատավճիռը Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պնդելով, որ իր բազմաթիվ իրավունքները, այդ թվում` խոսքի ազատության իրավունքը, խախտվել են շվեյցարական դատարանների կողմից: Նա 140 հազար եվրո փոխհատուցում էր պահանջել բարոյական և ֆինանսական վնասների, ինչպես նաև դատական ծախսերի համար:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը չի բավարարել Փերինչեքի գրեթե բոլոր պահանջները (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները) և մերժել է փոխհատուցման նրա դիմումը: Սակայն, յոթ դատավորներից հինգը որոշել են, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը (Հոդված 10):

Սա շատ արտասովոր որոշում էր, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եվրոպական իրավագիտության մեջ: Շատ եվրոպական երկրներ սահմանափակումներ են կիրարկել խոսքի ազատության վերաբերյալ, ներառյալ ազատազրկում` Հոլոքոսթի ժխտման համար: Հոլոքոսթի ժխտման պատժումը, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման հանդուրժումը անընդունելի երկակի ստանդարտներ են: Կա՛մ երկու ցեղասպանությունների ժխտումը պետք է լինի պատժելի, կա՛մ՝ ոչ մեկը:

Եվրոպական դատարանի 80-էջանոց որոշումը հեշտ չէր կարդալ ոչ միայն այն պատճառով, որ այն ֆրանսերեն էր գրված, այլև այն, որ հինգ դատավորները, որոնք ի նպաստ Փերինչեքի էին վճիռ կայացրել, համարյա բոլոր հարցերի վերաբերյալ սխալ մեկնաբանություններ էին արել: Մի ամբողջ գիրք կարելի է գրել նրանց անհամար փաստացի սխալները հերքելու համար: Դատավորները խեղաթյուրված են ներկայացրել Փերինչեքի անհիմն պնդումները, շվեյցարական օրենքներն ու դատավճիռները, Հայոց ցեղասպանության և նրա միջազգային ճանաչման փաստերը, միաժամանակ անընդհատ հակասելով իրենք իրենց: Իրավիճակն է՛լ ավելի խճճվեց, երբ դատարանի քարտուղարն անցյալ շաբաթ հրապարակեց չորս էջանոց մի հաղորդագրություն, որով ավելի խեղաթյուրեց դատարանի վճիռը, դրանով իսկ ամբողջությամբ շփոթության մեջ գցելով միջազգային լրատվամիջոցներին դատի մանրամասների վերաբերյալ:

Ահա այն հինգ դատավորները, որոնք հաստատեցին Փերինչեքի կեղծ մեղադրանքները. Գվիդո Ռայմոնդի (Իտալիա), Պիեռ Լորենցեն (Դանիա), Դրագոլյուբ Պոպովիչ (Սերբիա), Անդրաս Սաջո (Հունգարիա) և Հելեն Քելեր (Շվեյցարիա): Դեմ արտահայտված դատավորներն էին Նեբոժսա Վուչինիչը (Չեռնոգորիա) և Պաուլո Պինտո դը Ալբուկերկեն (Պորտուգալիա): Դատավճռին կից յոթ էջանոց լրացման մեջ դատավորներ Ռայմոնդին և Սաջոն կրկին հակասեցին իրենք իրենց` արդարանալով ի նպաստ Փերինչեքի վճիռ կայացնելու համար: Հարցեր բարձրացնելով «հայկական ջարդերի» հավաստիության մասին, հետո պնդելով, թե իրենց խնդիրը ցեղասպանության փաստերը գնահատելը չէ, այս երկու դատավորները հաստատեցին, որ հայ ժողովրդի ոչնչացումը եղել է կառավարության հովանավորությամբ, դրանով իսկ ընդունելով դրա ցեղասպան բնույթը: Սակայն նրանք պնդում են Հայոց ցեղասպանությունը վկայակոչել որպես «Մեծ եղեռն», որը թարգմանում են որպես «Մեծ հանցագործություն»: Մյուս կողմից, տարակարծիք դատավորներ Վուչինիչը և Պինտո դը Ալբուկերկեն դատավճռին կից ներկայացրել են խորը ուսումնասիրության վրա հիմնված իրենց 19-էջանոց համապարփակ զեկույցը Հայոց ցեղասպանության մասին: Այս արժեքավոր ուսումնասիրությունն անհրաժեշտ է թարգմանել մի քանի լեզուներով և տարածել ամբողջ աշխարհում:

Առավել հրատապ, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի գլխավոր կազմակերպությունները պետք է խնդրեն Շվեյցարիայի կառավարությանը բողոքարկել Եվրադատարանի դատավճիռը նրա 17 դատավորներից կազմված Մեծ պալատում 90-օրյա ժամկետում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը բողոքել դատարանի վճռի դեմ` իրենց կառավարություններին դիմելու և Եվրադատարանին բողոքի նամակներ հղելու միջոցով: Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խոստացել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դատարանի որոշումը խափանելու համար` հորդորելով Շվեյցարիային հայց ներկայացնել:

Եթե Եվրոպական դատարանի որոշումը թողնվի անպատասխան, ապա այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ջանքերի վրա եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, բայց որ ավելի կարևոր է` Ցեղասպանության առաջիկա Հարյուրամյակի վրա: Դատավճիռն իր ներկայիս տեսքով հավանություն է տալիս ինչպես Թուրքիայի, այնպես էլ Փերինչեքի ժխտողական դիրքորոշմանը, որն իր քրեական գործունեության համար այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է թուրքական բանտում: Թուրքիան անմիջականորեն միջամտել է այս դատին` ընդարձակ ցուցմունք ներկայացնելով Եվրադատարան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել լկտի հայտարարությամբ` անամոթաբար ողջունելով դատավճիռը և պարծենալով խոսքի ազատությանն իր աջակցության համար: Համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի` Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելը համարվում է հանցագործություն, մինչդեռ Շվեյցարիայում Ցեղասպանության մասին ստելն է հանցագործություն:

Հանուն ճշմարտության և արդարության չափազանց կարևոր է, որ Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկի դատարանի վճիռը և չենթարկվի թուրքական քաղաքական և տնտեսական բոլոր ճնշումներին:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի