Սաակաշվիլին՝ անցանկալի անձ Ուկրաինայում

Միխեիլ Սաակաշվիլին Եվրոմայդանում, Կիև, 7-ը դեկտեմբերի, 2013թ․

Ուկրաինայի արտգործնախարարությունը և Անվտանգության ծառայությունը բավարարել են իշխող Ռեգիոնների կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Օլեգ Ցարևի դիմումը 36 անձանց, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը երկիր արգելելու պահանջով: Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցների հաղորդումը:

Տվյալ ցուցակում կան նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության քաղաքացիներ:

Լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցակում ընդգրկված բոլոր անձինք, որոնց թվում կան նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության քաղաքացիներ, կասկածվում են «երկրում իրավիճակի ապակայունացման հարցով ընդդիմությանը խորհրդատվություն տրամադրելու» մեջ:

Ուկրաինայի ընդդիմությունը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կհակադարձեն Ռեգիոնների կուսակցության այս քայլին:

Սաակաշվիլին այս ամսվա սկզբին այցելել էր Կիև՝ Եվրոմայդանին աջակցություն հայտնելու նպատակով: Նա Ուկրաինա էր ժամանել եվրոպացի խորհրդարանականների խմբի կազմում և ելույթ ունեցել Մայդանում՝ եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքին: