ԱՄՀ-ն Հայաստանի հետ նոր ծրագիր է քննարկում

ԱՄՀ-ի լոգոն Վաշինգտոնում կազմակերպության կենտրոնակայանի պատին

Հնարավոր նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն:
«Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու և իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են», - հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը Երևան հերթական այցի ավարտին:

Այդ մարտահրավերների թվում են, ըստ Հորթոնի, «արձագանքը 2013 թվականի աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր և օտարերկյա ուղղակի ցածր ներդրումներին և համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը»:

«2009 թվականից սկսած, այդ թվում՝ 2013 թվականին, ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում: Թեև կարևոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվում՝ ֆինանսական հատվածում, կենսաթոշակային, սոցիալական նպաստների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը, մրցունակությունը և կապակցվածությունն ամրապնդելու համար: Նշված գործողությունները կօգնեն մասնավոր գործունեությունն ուղղել դեպի ներդրումներ և խթանել արտահանումը: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը և զսպմանն ուղղված գործողություններ», - ասել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը:

Հորթոնի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է այցելել դեկտեմբերի 9-18-ը՝ 38-ամսյա երկարաձգվող ֆինանսավորման հնարավոր նոր ծրագրի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով, և հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի և բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: 2014 թվականի բյուջեի պակասուրդը սպասվում է, որ կբարձրանա՝ հաշվի առնելով կապիտալ ծախսերի ավելացումն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը: 2015 թվականին սկսած ծրագրով կնպատակադրվի կապիտալ ծախսերի շարունակական աճ՝ բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման հետ մեկտեղ», - հայտարարել է Մարկ Հորթոնը՝ շարունակելով․ - «Ռիսկերի ավելի լավ վերլուծությունը, կարգապահության բարձրացումը, խաղի ավելի հավասար կանոնները և հարկային ճեղքվածքների վերացումը կապահովեն ավելի բարձր եկամուտներ`սոցիալական և ներդրումային կարիքների և պակասուրդի կրճատման համար: Դա պետական պարտքը կփոխադրի նվազման ուղի: Դրամավարկային և արտարժութային քաղաքականությունները կշարունակեն թիրախավորել ցածր գնաճն ու նպաստել արտաքին ճշգրտման ապահովմանը: Հայաստանի կենտրոնական բանկն իր բուֆերները կպահպանի առողջ մակարդակում և կամրապնդի ցնցումներին դիմագրավելու իր կարողությունը»:

Ծրագիրը, ըստ ԱՄՀ-ի առաքելության ղեկավարի, կաջակցի նաև ֆինանսական հատվածի խորացմանն ու գործարար միջավայրի հետագա բարելավմանն ուղղված երկու միջոցառումների, այդ թվում՝ ամրապնդելով նշված ոլորտներում Հայաստանի իրավական դաշտը, կնպատակադրի ներդրումների, արտահանման և աճի բարձրացումը և իր հերթին կօգնի աղքատության և գործազրկության կրճատմանը:

«Հիմնադրամի առաքելության թիմը և իշխանությունները զգալի առաջընթաց են արձանագրել 2014-2017 թվականների քաղաքականությունների և գործողությունների քննարկման ուղղությամբ, որոնց կսատարի հնարավոր նոր երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը», - արձանագրել է Հորթոնը՝ տեղեկացնելով, որ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում սպասվում են հետագա քննարկումներ: