ԱՄՆ-ը մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի հարցով նոր որոշում մշակել

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայս, արխիվ

Միացյալ Նահանգները մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշակել մի որոշում, որը կվերականգնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները այն դեպքում, եթե պաշտոնական Թեհրանը չկատարի իր միջազգային պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը։

Այս փաստաթուղթը հնարավորություն կտա մեխանիկորեն վերականգնել պատժամիջոցները, ասել է ամերիկացի պաշտոնյան։

Իրանը ավելի վաղ հայտարարել էր, թե իր միջուկային ծրագրի հարցով Ժնևում գերտերությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները բավական դանդաղ են ընթանում։

Նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրանը պատրաստ է վեց ամսով սառեցնել միջուկային ծրագիրը, ինչի դիմաց Արևմուտքը կվերացնի պատժամիջոցների մի մասը։

Արևմուտքին մտահոգում է պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը։