«Մայդան»-ը` քաղաքական նոր միավորում

Ուկրաինա - Կիևի Անկախության հրապարակում ընդդիմության ցույցերը շարունակվում են, 22-ը դեկտեմբերի, 2013թ.

Պարսկերենից կամ թուրքերենից սլավոնական լեզուներ դարեր առաջ ներմուծված «մայդան» բառը ներկայիս Ուկրաինայում դարձել է քաղաքական պայքարի խորհրդանիշ։
«Մայդան»-ի երեք նպատակները

Եվրաինտեգրման շարժման կողմնակիցների ցույցերը տեղի են ունենում Կիևի Մայդան Նեզալեժնոստիում` Անկախության հրապարակում։ Իսկ երեկվանից այդ հասկացությունը պաշտոնապես հաստատվել է Ուկրաինայի քաղաքական կյանքում։

Ընդդիմության ջանքերով գումարված համաժողովրդական «վեչեն» (հանրահավաքը) որոշել է ստեղծել նոր միավորում` «Մայդան»։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ «վեչեին» մասնակցել է մոտ 12 հազար մարդ, ընդդիմությունը պնդում է, որ մասնակիցների թիվը շատ ավելի մեծ էր։

Ընդդիմությունը ստեղծում է «Մայդան», որի քաղաքական օրակարգն անցած շաբաթների ընթացքում ձևավորվել և բարձաձայնվել է Մայդան Նեզալեժնոստիի բազմահազարանոց ցույցերի ընթացքում։

«Մայդան»-ը, որին միանում են ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, հետապնդելու է երեք նպատակ` գործող կառավարության հրաժարական, արտահերթ ընտրությունների անցկացում և Սահմանադրության փոփոխություն։

«Մայդան»-ի խորհրդի կազմում են «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Ազատություն» կուսակցությոան ղեկավար Օլեգ Տյագնիբոկը, 7-ամյա ազատազրկման պատիժը կրող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն, արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը, գործարար և քաղաքական գործիչ Պետր Պորոշենկոն, Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավորներ, ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Բատկիվշչինա»-ի ղեկավարներից Ալեքսանդր Տուրչինովն ասել է, որ «ամբողջ Ուկրաինան պետք է դառնա մեծ մայդան»։

Յացենյուկի պնդմամբ՝ «Մայդան»-ին պետք է միանան «բոլոր նրանք, ովքեր Ուկրաինայի ապագան տեսնում են Եվրոպայում»։

ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն առաջարկել է «Սուրբ Ծնունդն ու Ամանորը տոնել Մայդանում»։

Նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջնորդած Ռեգիոնների կուսակցությունը մտադիր է ավարտել զանգվածային հավաքները, որոնք Անկախության հրապարակից ոչ հեռու` Մարիինսկի այգում է անցկացնում։


Մավրն արե՞ց իր գործը...

«Մենք մեր խնդիրը համարում ենք լուծված, մեր աջակցությունը Յանուկովիչին տվել է անհրաժեշտ արդյունքը, Մոսկվայում նրա ստորագրած համաձայնագրերը կխթանեն Ուկրաինայի տնտեսությունը և կպահպանեն աշխատատեղերը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է «Ուկրաինայի համազինվորական միության» նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Կալաշնիկովը։

Մինչդեռ, Մայդանի ակտիվիստները հավատացնում են, որ կշարունակեն պայքարը։

Վոլոդիմիրը, ով ունի 4 զավակ և 7 թոռ, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակցին ասել է, որ Մայդանում պաշտպանում է Եվրոպայի գաղափարը, քանի որ Եվրոպայում նախագահը և շարքային քաղաքացին հավասար են օրենքի առաջ։

Սերհի անունով ակտիվիստն էլ ասել է, որ «հիմա սկսվում է պայքար ոչ թե Եվրոպայի համար, այլ Յանուկովիչի, նրա կուսակցության և խորհրդարանի դեմ, ինչից հետո Ուկրաինան կկնքի գործարքը Եվրոպայի հետ»։