Խոդորկովսկին կիրակի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա

Ներում ստացած ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին իր առաջիկա ծրագրերի մասին կխոսի կիրակի օրը (դեկտեմբերի 22-ին) Բեռլինում կայանալիք ասուլիսի ընթացքում։

Գերմանական լրատվական կայքերի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում ստանալուց անմիջապես հետ Բեռլին մեկնած Խոդորկովսկին այսօր ավելի վաղ հանդիպել է Նյու Յորքից ժամանած որդուն՝ Պավելին, իսկ երեկոյան կհանդիպի ծնողներին։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ողջունել է Պուտինի՝ «Յուկոսի» նախկին ղեկավարին ներում շնորհելու և բանտից ազատ արձակելու որոշումը։ Երեկ այդ որոշման մասին գովեստով են խոսել մի շարք պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Խոդորկովսկին անազատության մեջ էր 2003 թվականից` ռուսաստանյան քաղաքական կյանք մուտք գործելու իր փորձերից անմիջապես հետո: 2005-ին նա հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման: 2010 թվականին Խոդորկովսկին երկրորդ անգամ է դատապարտվել` այս անգամ միջոցների վատնման մեղադրանքով: Նախկին օլիգարխի ազատազրկման ժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին: Խոդորկովսկին միշտ հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները:

Կրեմլի քննադատները պնդում են, որ գործարարի դեմ քրեական գործերը իրականում քաղաքական ենթատեքստ ունեն: