Ոստիկանությունը հաստատում է Սարդարապատի թանգարանում ծեծի մասին լուրերը

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանությունը հաստատում է Սարդարապատի ազգագրական թանգարանում շաբաթ օրը տնօրենի և աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները։

«Բռունցքի հարվածներ՝ աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ» վերնագրով պաշտոնական հաղորդագրության համաձայն, ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ի ցերեկը թանգարանի տնօրեն, «Միսս Հայաստան» ազգային գործակալության ղեկավար Կարեն Արիստակեսյանը բռունցքով հարվածներ է հասցրել 60-ամյա Անիկ Միքայելյանին և պատճառել վնասվածքներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Անիկ Միքայելյանը Սարդարապատի ազգագրական թանգարանի հսկիչներից է։Լ Նա այժմ գտնվում է «Արմավիր» բժշկական կենտրոնում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թանգարանի աշխատակիցը պնդում էր, որ իրեն հարվածել է նախ տնօրենի երիտասարդ օգնականուհին, ապա՝ Արիստակեսյանը։

«Շաբաթ օրը հսկիչներին հրավիրեց ժողովի իրենց սենյակում, ասաց, որ էկոնոմիկայի նախարարը հրաման է իջեցրել, որ ովքեր չունեն դիպլոմ, չպետք է աշխատեն հսկիչ։ Ասացի՝ մենք արդեն 15 տարի աշխատում ենք, եթե էդպես բան կար, գոնե մեզ զգուշացնեիք մի երկու ամիս առաջ ... հիմա ձմեռ է, Նոր տարի է, մենք ո՞նց ենք անելու։ Սկսեց գոռգոռալ՝ «Դու մի խոսա, դուրս արի սենյակից, դու պիտի որոշե՞ս ոնց անենք, ինչ անենք»։ Ես էլ դուրս եկա, ասացի՝«Դե լավ, դե ես էլ ինչ գիտեմ ձեր մասին, բոլորին ասելու եմ, թե դուք ով եք»»,- պատմեց Անիկ Միքայելյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ է Արիստակեսյանի օգնականուհին իր հետևից դուրս եկել և հարվածել։

«Բռունցքով հարվածեց կրծքավանդակիս մի քանի անգամ։ Բռնել, գոռացել եմ, շատ ցավեց, որովհետև ես ինֆարկտ եմ տարել։ Ձայնը լսելով, տնօրենը դուրս թռավ, և ասաց՝ լավ ա անում։ Ինքն էլ սկսեց հարվածել, ուսագլխիս հարվածեց և պարանոցիս։ Ես մի քանի քայլ հազիվ ինձ պահեցի, աչքերիս դեմը մթագնեց, չեմ զգացել էլ ոչինչ, տեսա, որ բուժքույրն է օգնություն ցույց տալիս, հետո շտապօգնություն են զանգել, ինձ բերել են հիվանդանոց»,- պատմեց նա։

Թանգարանի աշխատակցուհին հավելեց, որ հարվածների պահին այդ սրահում մարդ չի եղել, բայց գուցե թանգարանի տարածքը հսկող տեսախցիկները նկարահանած լինեն միջադեպը։

«Արմավիր» բժշկական կենտրոնի ընդունարանից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ շաբաթ օրը Անիկ Միքայելյանին Սարդարապատի թանգարանից հիվանդանոց են բերել ձախ ծնկան հոդի վնասվածքով և կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ ախտորոշմամբ։ Տրավմատալոգիայի բաժանմունքի վարիչ Ալիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանել, թե ինչի հետևանք կարող են լինել այդ սալջարդերը։

«Դրա համար գոյություն ունի միլիցիա, գոյություն ունի դատաբժիշկ ... Նույն բանը կարող է և ընկնելուց լինի, և ավտովթարից լինի, և տանը՝ բաղնիքում»,- ասաց բժիշկը։

Նույն օրը՝ Անիկ Միքայելյանից մի քանի ժամ անց շտապ օգնության մեքենայով սրտի գանգատներով հիվանդանոց է տեղափոխվել նաև Սարդարապատի ազգագրական թանգարանի ցուցանմուշների պահապան Սիրանույշ Զադոյանը։ Նա հարվածներ չի ստացել, բայց «Ազատությանը» պատմեց, որ այդ նույն ժողովի ժամանակ տնօրենը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել է։

«Գիտաշխատողներից բռնած ինձ հանգստացնում էին, լացում էին ինձ համար, որ ես վատ եմ, բա որ մի բան պատահի։ Իսկ ինքը անամոթ խոսքեր էր ասում, բոլորը զարմացել էին»,- պատմում էր թանգարանի աշխատակիցը։

Սարդարապատի ազգագրական թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զրպարտություն և «թատերական ներկայացում» որակեց աշխատակիցների պնդումները։

«Այս ամբողջը զրպարտություն է և ֆարս։ Ես սպասում եմ գործի քննության ավարտին։ Այլ մանրամասներ չեմ ուզում բացել հիմա, պարզապես իրենց փոխարեն անհարմար եմ զգում, հասարակությունից նույնիսկ կարող եմ ներողություն խնդրել, բայց ես ոչ ոքի ոչ բռնության եմ ենթարկել, ոչ ծեծի եմ ենթարկել, ոչ էլ իմ օգնականը... Ուղղակի անհարմար եմ զգում, որ նման թատերական ներկայացմամբ արատավորում են թանգարանի անունը»,- ասաց Արիստակեսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ են զրպարտում, պատասխանեց.- «Ընդամենը եղել է աշխատանքային քննարկում։ Այսպես թե այնպես, զրպարտեն թե չզրպարտեն, ես այստեղ աշխատեմ, թե չաշխատեմ, ով էլ այստեղ աշխատի, իրավական փաստաթղթի պահանջը պետք է կատարի վաղ թե ուշ։ Բայց ես ազատման որևէ խնդիր չեմ հարուցել. հսկիչներն այսօր էլ կատարում են նաև հավաքարարի աշխատանք, գործառույթների տարբերակում է եղել»,- ասաց թանգարանի տնօրենը։

Դիտարկմանը, թե եթե զրպարտություն է, ինչո՞ւ է ոստիկանությունը հաստատում, Արիստակեսյանը պատասխանեց.- «Բնականաբար, եթե դիմել են հիվանդանոց, պիտի արձանագրություն լիներ։ Ինչ վերաբերում է գործի մանրամասներին, ես ինքս բացատրություն եմ ներկայացրել, սպասում եմ գործի քննության ավարտին։ Հավատացեք, եթե մեղավոր լինեմ, օրենքի ամբողջ խստությամբ թող ինձ պատժեն, բայց որևէ մեկին որևէ մեկը չի հարվածել... Ինձ համար այնքան տարօրինակ է, երբ որ բռունցքով եմ հարվածել, պարանոցին եմ հարվածել, կրծքին եմ հարվածել... զարմացած եմ, երևի մարդիկ մտածում են, որ թանգարանի տնօրենը ռինգ է դուրս գալիս»։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս Անիկ Միքայելյանը ստացել այդ վնասվածքները, Արիստակեսյանը հակադարձեց.- «Հավանաբար այլ վայրում, չեմ կարող ասել»։

Գործով հետաքննություն է իրականացվում։