Պետրիկաս․ ԵՄ-Հայաստան հարաբերություններին միջամտել են

Եվրամիությունում նախագահող երկրի՝ Լիտվայի դեսպանը բարձրաձայնում է Բրյուսելի հետ Երևանի հարաբերություններում տեղ գտած միջամտությունների մասին:

Թեև այսօր «Ազատության» հետ զրույցում դեսպան Էրիկաս Պետրիկասը չմանրամասնեց, թե ո՞ր երկրի միջամտության մասին է խոսքը, սակայն, գաղտնիք չէ, որ Եվրամիության պաշտոնյաները, հայաստանյան քաղաքական ուժերը, փորձագիտական հանրությունը բարձրաձայնում են Ռուսաստանի կողմից գործադրած ճնշումների մասին:

Նկատենք, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Կրեմլը հերքում են մեր երկրի նկատմամբ Պուտինի վարչակազմի կողմից գործադրված ճնշումների մասին տեղեկությունները: Երկու կողմի ներկայացմամբ էլ, Եվրամիության հետ երեք տարի տևած բանակցություններից հետո՝ այս սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահի՝ շատերի համար անակնկալ հայտարարությունը, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, հայաստանյան իշխանությունների ինքնուրույն որոշման արդյունք էր:

«Շատ կարևոր է նշել, որ Վիլնյուսում Եվրամիության ու Հայաստանի միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն: Մենք սակավ ենք անդրադառնում այս հայտարարությանը, սակայն այն շատ կարևոր է, որովհետև այս հայտարարությունում դուք կարող եք տեսնել բոլոր ձեռքբերումները, որոնք ստացվել են ԵՄ ու Հայաստանի միջև նախորդ երեք տարիների ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում», - ասում է դեսպանը, - «Մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները: Այդ հայտարարության մեջ շատ պարզ, հստակ գրված է, որ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ: Սա ամենակարևոր մեսիջն է, որ մենք կարող ենք հղել այսօր: Կարևոր է նաև, որ դռները չեն փակվելու Հայաստանի առջև՝ չնայած տարբեր կարծիքների, չնայած տեղ գտած տարբեր միջամտությունների»:

Էրիկաս Պետրիկասը շարունակեց, թե՝ «Եվրամիությունն ու Հայաստանը հաստատապես գտնելու ենք այն բոլոր հնարավորությունները, ուղղությունները, ուր մենք կարող ենք համագործակցել»:


Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին օրերս «Ազատության» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց, թե հնարավոր է, որ Եվրամիության ու Հայաստանի միջև ստորագրվի ասոցացման մասին նոր համաձայնագիր՝ մանրամասնելով, որ Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ:

Ռաչինսկին մանրամասնել էր, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում: Այլ մանրամասներ Լեհաստանի դեսպանը չէր հաղորդել:

Մեր երկրում Լիտվայի դեսպանին այսօր խնդրեցինք լրացուցիչ մանրամասներ հայտնել այս մասին:

«Փորձելու ենք գտնել մեր համագործակցության ամենաարդյունավետ ճանապարհը, սակայն [այս պահին] չեմ կարող ասել, թե ի՞նչ դուրս կմնա կամ կառանձնացվի ասոցացման նախորդ համաձայնագրից: Կտեսնենք», - արձագանքեց նա:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Եվրոպական Միության ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ: Էրիկաս Պետրիկասին նաև հարցրեցինք, թե ի՞նչ նախաձեռնություններ կարելի է սպասել Եվրամիության կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Տարածաշրջանային կայունությունը միշտ եղել է, կա ու կլինի մեր օրակարգում: Այն մեր առաջնահերթություններից է: Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հարցը կլինի Եվրամիության օրակարգում 2014-ին», - պատասխանեց դեսպանը: