«Տաքսի ծառայությունները լուծարման եզրին են կանգնած»

Կառավարությունը մշակել է անհատ տաքսիստների ու տաքսի ծառայությունների լիցենզավորման նոր կարգ, որը, հնարավոր է, որ խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտնի առաջիկա հունվարից։

Այս օրինագծով, ըստ շահագրգիռ կողմերի, բավականաչափ պարզեցված է լիցենզիա ստանալու գործընթացը։ Սակայն, եթե դրանից գոհ են անհատ տաքսիստները, ապա որոշակի դժգոհություն ունեն ծառայությունների ղեկավարները։Վերջիններս նշում են, որ ավելանալու է իրենց հարկային բեռը։ Ըստ այդմ՝ եթե անհատ տաքսիստի ամսական վճարը կազմելու է 12 000 դրամ, ապա ընկերության դեպքում այդ թիվը, մեկ մեքենայի համար, ամսական, կազմելու է 43 000 դրամ։

«Մենք, բացի այդ 200 000-ը, որ լիցենզիայի արժեքն է ու մնալու է, նաև ամեն մեքենան վարորդի հետ միասին հարկային դաշտով մուծումներ ենք կատարում՝ 9500 մի մեքենային, գումարած նաև մեկ մեքենայի համար ամսական 19500 դրամ որպես եկամտային հարկ։ Վերլուծական եմ անցկացրել, քանի որ հաշվապահ ունենք, աշխատավարձեր և այլն, դա էլ բաժանում ենք յուրաքանչյուր մեքենայի վրա, ամեն մեքենան գալիս է 43 000 դրամ։ Արդյունքում տաքսի սերվիսները կլուծարվեն, կդառնան անհատներ»,- ասաց «Բրավո +» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը։

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն ասում է, որ եթե երկու տարի առաջ մայրաքաղաքում օրական 600 000 ուղևորափոխադրումից 200 000-ը բաժին էր ընկնում տաքսի ծառայություններին, ապա այսօր այս թիվը բավականին նվազել է, հասել մոտ 100 հազարի։ Նա նաև նշում է, որ երբեմնի եկամտաբեր ոլորտն այսօր կործանման եզրին է կանգնած։

«Հերթական սխալ ընդունած օրենքի պատճառով փակվում են տաքսի ընկերությունները, մեծ ընկերությունները։ Ավելի ձեռնտու է լինում մասնավոր տաքսիստի աշխատանքը, և վարորդները դուրս են գալիս աշխատանքից, վերցնում են էժանագին մեքենաներ և դուրս են գալիս փողոց՝ տաքսի ծառայություն մատուցելու։ Սա վտանգ է ոլորտի համար»,- ասաց Սահակյանը։

Խնդրով մտահոգ անձինք ասում են, որ այս հարցի ելքն էլ ունեն՝ տրոհել մեծ ընկերությունը, աշխատողներին որպես անհատ տաքսիստներ գրանցել ու մեկ կարգավարով այդ հարցը լուծել։ Եվ մեծ հարկեր պետությանը չեն վճարի, և խիստ պետական վերահսկողությունից դուրս կլինեն։ Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը, սակայն, չի բացառում, որ այս կերպ հնարավոր կլինի շատ հեշտ դաշտը մոնոպոլիզացնել։

«Միակ բիզնեսն է, երևի թե, որտեղ չի վերահսկվում շրջանառվող գումարները, այլ արտոնագիրը գնվում է և արդեն նշանակություն չունի, թե այդ մեքենան ինչքան պատվեր է կատարել, ինչքան գումարի շրջանառություն է կատարվել։ Վտանգը հենց դրանում է, եթե տրոհվեն տաքսի ծառայությունները, մասնավորներին, կոպիտ ասած, ժողվել մեկ ընկերության մեջ շատ ավելի հեշտ է, քան թե մեծ ծառայություններին ստիպել, որ մտնեն ինչ- որ ընկերությունների մեջ, ինչ-որ մեկի համար աշխատել։ Կա վտանգ»,- ասաց Սահակյանը։