Ֆրանսիայի արտգործնախարարը թերահավատ սիրիական կոնֆերանսի հարցում

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կասկածի տակ է առել Սիրիայի ներքին հակամարտությունը լուծելու հարցով ՄԱԿ-ի մասնակցությամբ կազմակերպվող կոնֆերանսի հաջողությունը:

Նրա խոսքով` սիրիական «չափավոր» ընդդիմությունը, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, «լուրջ դժվարություններ» ունի: «Կասկածների բազմաթիվ պատճառներ կան, և եթե ապագա կոնֆերանսը չտա ցանկալի արդյունքները, ապա այդ բազմաչարչար երկիրը կշարունակի տառապել», - ասել է նախարարը:

Ֆաբիուսի հայտարարության կապակցությամբ «Ֆրանս-Պրես» գործակալությունը նշում է, մասնավորապես, որ Սիրիայում խորանում է պառակտումը որոշ ապստամբ խմբավորումների միջև: Բացի այդ, արևմտյան պետությունների` այդ թվում Ֆրանսիայի աջակցությունը վայելող Ազատ բանակը ստիպված է դիրքերը զիջել իսլամիստներին, որոնք նույնպես Ասադի ռեժիմը տապալելու նպատակ են հետապնդում:

Ակնկալվում է, որ հունվարի 22-ին Ժնևում կբանակցեն Սիրիայի ղեկավարության և ընդդիմության ներկայացուցիչները` տարածաշրջանի և այլ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ըստ որոշ գնահատականների, Սիրիայում Բաշար Ասադի և ընդդիմության դիմակայության ավելի քան երկուևկես տարիների ընթացքում զոհվել է շուրջ 126 հազար մարդ:

Միաժամանակ, նույն գործակալության հաղորդմամբ` այսօր Հալեպում օդային ռմբակոծության հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում` 14 երեխա: Վկայակոչելով Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը` «Ֆրանս-Պրես»-ը փոխանցում է, որ կառավարական օդուժը ռմբակոծել է Հալեպի` ապստամբների վերահսկողության տակ գտնվող թաղամասերը: