«Անհարմար» վիճակ Երևանում

Թոմաս դե Վաալ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ, արխիվ, նոյեմբեր, 2010թ.

Հարավային Կովկասի հարցերով փորձագետը ենթադրում է, որ Ահմեթ Դավութօղլուի այցի ընթացքում հնարավոր է քննարկել ոչ առաջնահերթ, սակայն կարևոր թեմաներ։
Քարնեգի կենտրոնի վերլուծաբան, Հարավային Կովկասի հարցերով գրքերի և բազմաթիվ հետազոտությունների հեղինակ Թոմաս դե Վաալն «անհարմար» բառն է ընտրել Դավութօղլուի երևանյան առաջին այցը գնահատելու համար։ Անհարմար, անորոշ, տհաճ` այդպես է փորձագետը որակում այցը, քանի որ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը փակ է։

Դավութօղլուն մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների ժողովին։ Դա միակ կառույցն է, որտեղ հնարավոր է հայ և թուրք դիվանագետների շփումը։ Հայաստաննը Ստամբուլում այդ կառույցի գրասենյակում ունի պատվիրակ, ով, փաստորեն, համարվում է հանրապետության միակ ոչ պաշտոնական բանագնացը Թուրքիայում։

Բայց վերջին տարիներին նույնիսկ այդ խողովակը չի աշխատել, քանի որ 2009 թվականին ստորագրված ցյուրիխյան արձանագրությունների ձախողումից հետո հայ և թուրք պաշտոնյաների շփումներն իջեցվել են նվազագույն մակարդակի։

Արձանագրությունները կնքել են հենց Դավութօղլուն և Նալբանդյանը, բայց դրանք այդպես էլ չեն վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, ընդ որում, ինչպես Թոմաս դե Վաալն է նշում, ձախողման համար պատասխանատվության մեծ մասը թուրքական կողմն է կրում։

Դավութօղլուն մի վիճակում է, երբ նրա այցի մասին կարող են նույն բանն ասել, ընդուներ հրավերը` կասեին «գլուխը քարը, թե գալիս է», մերժեր, կասեին` «գլուխը քարը, թե չի գալիս»։

Նա որոշեց գալ, քանի որ մերժումը հայկական կողմին կտար թուրք դիվանագետներին քննադատելու նոր առիթ։ Դե Վաալը հիշեցնում է, որ Դավութօղլուի նախորդը` Ալի Բաբաջանը, 2009-ի ապրիլին այցելել է Հայաստան, սակայն դա երկկողմ հարաբերությունների առումով շատ ավելի բարենպաստ ժամանակ էր։

Մինչդեռ, այսօրվա դրությամբ Դավութօղլուի նկատմամբ շատ սառը վերաբերմունք են դրսևորում թե հայկական մամուլը, և թե հայ պաշտոնյաները։

«Կռվասեր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պնդմամբ, Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ կապերի բարելավմանը, եթե առանց վերապահումների վավերացնի արձանագրությունները»,- գրել է դե Վաալը։

Դավութօղլուն Երևանում համախոհներ չի գտնի նաև Ղարաբաղի հարցում, քանի որ կա հստակ տաբու` արգելք, որն ընդունում են և Վաշինգթոնը, և Մոսկվան, այն էէ հայ-թուրքական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հարցը տարբեր թեմաներ են, դրանք խառնել և միասնական համատեքստում դիտել չի կարելի։

Թոմաս դե Վաալի կարծիքով, այդ թնջուկը միանգամից քանդել հնարավոր չէ, Ադրբեջանը հաջողությամբ է օգտագործում հայ-թուրքական կապերի վրա ազդեցություն գործելու լծակը, պահանջելով, որ դրանց բարելավումը կապված լինի Ղարաբաղի խնդրում որոշակի առաջխաղացման հետ։

Բայց, ըստ Թոմաս դե Վաալի, մեծ հիմնախնդիրներից զատ, հայ և թուրք պաշտոնյաները կարող են քննարկել նաև մի քանի փոքր, սակայն կարևոր այլ թեմաներ` բիզնես-հարաբերությունները, Թուրքիայում հայ պատմամշակութային արժեքների պահպանումն ու կարգավիճակը, Թուրքիա այցելող հայաստանցիների համար հյուպատոսական ծառայությունների ապահովումը։

Այս առումով Դավութօղլուի այցը հայկական կողմին տալիս է թուրքերի նկատմամբ կուտակած դժգոհությունները որոշակիորեն լիցքաթափելու և հետագայում բանակցությունները վերսկսելու հնարավորություն։