Զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված անձ

Խորհրդարանում այսօր կազմակերպված «Մարդու իրավունքները Զինված ուժերում» թեմայով լսումների ժամանակ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ զորամասերից մեկում երեկ արձանագրված զինծառայողի մահվան փաստով ձերբակալվել է մահացածի ծառայակիցներից մեկը:

Ձերբակալվածը Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կյուրեղյանն է:

Պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18.10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Արձագանքելով լսումներին մասնակցող պատգամավոր Թևան Պողոսյանի («Ժառանգություն») հարցին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փոխանցեց. - «Եթե զինծառայողները ժամանակին հրամանատարին զեկուցեին, որ նման դեպք կա, միջանձնային հարաբերություններում խնդիրներ կան, ապա կարելի էր կանխարգելել: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում ծագած վեճի և այնուհետև հաշվեհարդար տեսնելու միտումներ կան առայժմ»:

Նախարարի խոսքով` առայժմ իրենք չեն ասում, թե ինքնասպանություն է տեղի ունեցել: «Իհարկե, վարկածներից մեկը ինքնասպանությունն է: Ընդհանրապես ինքնասպանության խնդիրները և ինքնասպանության հասցնելը իրար հետ շատ փոխկապակցված են և երկու խնդիրն էլ մենք նույն հարթության մեջ ենք տեսնում: Այսինքն` եղել են դրդապատճառներ, որոնք բերել են նրան, որ մարդը կարող է գնալ ինքնասպանության: Քանի որ զինծառայողը այդ դեպքից առաջ զանգել էր իր ծնողին և եթե ծնողն էլ ժամանակին տեղեկացներ հրամանատարությանը, կարող էինք կանխարգելել: Ստեղծված միջանձնային հարաբերությունները եթե ժամանակին զեկուցվեն, ապա մենք նաև համապատասխան աշխատանք կկատարենք, որպեսզի այդ հարաբերությունների մեջ այդ լարվածությունը իջեցվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը:

Հարցին, թե հնարավոր է, որ զորամասում պաշտոնանկություններ լինեն, Օհանյանն արձագանքեց. - «Պաշտոնանկությունների մասին այսօր դեռևս վաղ է խոսել, որովհետև ծառայողական քննությունը ստեղծված հանձնաժողովի կողմից շարունակվում է, և երբ հանձնաժողովի նախագահը կզեկուցի, ապա մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Իհարկե, տույժեր շատ խիստ կլինեն, պաշտոնանկություններ կլինեն, գոնե այդ ստորաբաժանման ղեկավարությունը պաշտոնից կազատվի»:

«Իրավապահներն այդ ուղղությամբ աշխատում են: Ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, և մենք հանրությանը կտեղեկացնենք», - հավաստիացրեց նախարարը:

Լսումներին մասնակցում էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Նա անդրադարձավ բանակում մահվան դեպքերին, առողջական խնդիրներով բանակ զորակոչելու, զինծառայողների աշխատանքային պայմանագրերը օրենք խախտմամբ վաղաժամկետ դադարեցնելու դեպքերին, զինծառայողների բուժսպասարկման ու կենցաղային պայմաններին:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի` փաստերով խոսելու հորդորին Պետրոսյանն արձագանքեց` ասելով, որ իր թվարկած բոլոր դեպքերը փաստարկված են, և անհրաժեշտ տեղեկատվությունը կարող են ստանալ ՄԻՊ գրասենյակից:

Խոսելով առողջական խնդիրներով երիտասարդներին զորակոչելու դեպքերի մասին` Պաշտպանության նախարարն ասաց. - «Վիճարկելի հարցերի դեպքում ավելի լավ է մենք մեկ կամ երկու հոգի ավելի զորակոչենք հոսպիտալ` բուժման նպատակով, այնուհետև կորոշենք իր վերջնական ախտորոշումը ինչպիսին կլինի և ազատենք, քան թե մեկ հոգի կոռուպցիայի, կաշառակերության պատճառով մենք բաց թողնենք, ինքը ազատվի բանակից, իր պարտքը չտա հայրենիքին»:

Ի դեպ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Սեդա Մելիքյանը լսումների ժամանակ հայտարարեց, որ բանակում մահացած զինծառայողների ծնողներին չի թույլատրվել մասնակցել լսումներին: