Լրագրողները պատրաստվում են դիմել Էթիկայի հանձնաժողով

Your browser doesn’t support HTML5

ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի (ՀՀԿ) և լրագրողների միջև երեկ խորհրդարանի միջանցքում ծագած, այսօր էլ շարունակված վեճի առնչությամբ մոտ 50 լրագրողներ ստորագրել են ԱԺ Էթիկայի հանձնաժողով հասցեագրած նամակ, որով պահանջում են պատասխանատվության ենթարկել Բադեյանին:

Մանվել Բադեյանը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հովանավորներից է: «7 օր»-ի լրագրողը երեկ փորձել էր ճշտել, թե արդյոք օրենքի խախտում չէ հայկական հեռուստաալիքով ռուսերեն հեռուստահաղորդում հեռարձակելը: Պատգամավորը շատ բուռն էր արձագանքել:

«Արա, մի հատ բան եք տեսնում, լավ, անպայման պիտի հարձակվե՞ք: Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հարցեր տա՞ք: Իրո՞ք ըտենց անմակարդակ եք: Փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա», - ասել էր նա:

Այս արտահայտությունների համար երիտասարդ եզդիները երեկ փորձել էին Բադեյանին զուգարանի թուղթ նվիրել, պահանջել էին ներողություն խնդրել:

Ներողություն են ակնկալում նաև լրագրողները:

«Հատկապես վիրավորական են իր շատ կոնկրետ դիմալաձևերը` արա, դուք գիժ եք, արա, դուք ով եք, արա, դուք անմակարդակ եք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը: - «Հանրապետական որոշ պատգամավորներ միշտ ելնում են այն վստահությունից, որ իրենք շատ ավելի ինտելեկտուալ են, սկսում են դասեր տալ»:

«Մեր նպատակն է, որպեսզի հանձնաժողովը կարգի հրավիրի ՀՀԿ-ական պատգամավորին», - նշեց lragir. am-ի լրագրող Ռոզա Հովհաննիսյանը` հավելելով. - «Ու թող սա դաս լինի մյուս բոլոր պատգամավորների համար, ովքեր Ազգային ժողովում իրենց դրսևորել չգիտեն, չգիտեն լրագրողների հետ նորմալ շփվելու ձևը»:

«Գալա» հեռուստաընկերությունից Փայլակ Ֆախրադյանն ասաց. - «Դատապարտելի է, երբ քաղաքական ցանկացած գործիչ իրեն թույլ է տալիս լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Կարծում եմ, որ Էթիկայի հանձնաժողովը այստեղ խիստ անելիք ունի, որպեսզի մյուսները ևս հասկանան, որ լրագրողը ուղղակի կատարել է իր մասնագիտական պարտականությունը»: