Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-լատվիական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը։

Դեսպան Էլիտա Գավելեն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում ևս սերտորեն համագործակցել Հայաստանի հետ և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ ընդգծելով, որ այդ ժամանակաշրջանում Արևելյան գործընկերությունը Լատվիայի համար լինելու է առաջնահերթություններից մեկը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: