Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն, այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան: Ավելի քան քառորդ դար գտնվելով անազատության մեջ՝ նա չդադարեց հավատալ և պայքարել այլոց ազատության համար: Հենց այդ անսահման հավատն էր, որ առաջնորդեց նրա քաղաքական ու մարդասիրական գործունեությունը՝ հանուն ազատության և հավասարության գաղափարների կյանքի կոչման և արմատավորման:

Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին: Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է: Նա ինքն էր այս ճակատագիրը կանխորոշել իր համար»,- ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում։