ՄՄ-ին անդամակցելու՝ նախագահի հայտարարությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում

Իրավապաշտպան Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատրաստվում է բողոքարկել Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին հայցը վարույթ չընդունելու որոշումը:

Նոյեմբերի 27-ին վարչական դատարանը վարույթ չէր ընդունել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ նոյեմբերի 26-ի հայցադիմումը: Վարչական դատարանը մերժելով հայցադիմումը վարույթ ընդունելը, ընդարձակ տեքստով հակափաստարկներ է շարադրել ընդդեմ հայցադիմումի մեջ նշված պնդումների:

Սեպտեմբերի 3-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի նախագահի հայտարարությունը, ըստ հայցադիմումի, «չի բխել ինքնիշխան, ժողովրդավար պետություն սկզբունքներից»:

Հայցվորը մեջբերել է Սահմանադրության մեկնաբանության 2010 թվականի հրատարակության մեջ առկա ձևակերպում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը, լինելով իրավական պետություն, պետք է օժտված լինի կարևորագույն հատկանիշներով՝ հրապարակային ինքնիշխանությամբ:

Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը հայցը վարույթ չընդունելու որոշման մեջ մանրամասն շարադրանքով, ըստ էության, փորձել է ապացուցել, որ Սերժ Սարգսյանն իրավունք ուներ Մաքսային միության անդամակցելու մասին հայտարարություն անել:

Դատավորը որոշման մեջ գրել է՝ «նախագահի գործողությունները դուրս են վարչադատական վերահսկողության սահմաններից»: «Հայցը, որով վիճարկվում են Հայաստանի Հանրապետության նախագահի գործողությունները, ենթակա չէ դատարանում քննության»,- նշված է դատարանի որոշման մեջ: Այս ձևակերպումը հատկապես առաջացրել է Արթուր Սաքունցի զարմանքը։

«Դա միանշանակ սահմանադրականության հարց է, և երևի թե մենք կմտնենք Սահմանդրական դատարան, բայց մյուս կողմից էլ մենք բարեխիղճ կառավարման սկզբունքների հետ կապված, որի վերաբերյալ իր մոտեցումներն է սահմանել Եվրոպայի խորհուրդը, դա նաև պետք է հանդիսանա Եվրոպական դատարանի վիճարկման հարց»,- ասաց Սաքունցը։